ՀԱԵ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի՝ պահանջելով անվավեր ճանաչել Եկեղեցուց ավելի քան 47․5 մլն դրամ բռնագանձելու որոշումը։
Վաղարշապատի համայնքապետարանը 2026 թվականի մայիսի 6-ին վարչական վարույթ է նախաձեռնել՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության անշարժ գույքի հարկային պարտքերը գանձելու նպատակով, հայտնում է Factor.am-ը:
Եկեղեցին վիճարկել է հաշվարկների ճշտությունը՝ նշելով, որ ցուցակում ներառված են կրկնվող, ոչ պատշաճ նույնականացված և, իր պնդմամբ, հարկից ազատված կամ պետության կողմից իրենից վերցված գույքեր։ Համայնքապետարանը ուսումնասիրել է եկեղեցու ներկայացրած 62 անշարժ գույքի սեփականության վկայականները, սակայն որոշ անհամապատասխանություններ, այնուամենայնիվ, մնացել են։
Արգիշտի Մեխակյանի ստորագրած որոշման համաձայն՝ սկզբնական հաշվարկով հարկային պարտավորությունների ընդհանուր գումարը կազմել է 118,397,492 դրամ։
Նշված գումարում ներառվել են 2021–2025 թվականներին կուտակված հարկային ապառքները և դրանց նկատմամբ հաշվարկված տույժերը։ Հաշվարկներն իրականացվել են 2026 թվականի ապրիլի 27-ի դրությամբ, և դրանցում 2026 թվականի հարկային պարտավորությունները ներառված չեն եղել։
Վարչական վարույթի ընթացքը երկու անգամ ժամանակավորապես դադարեցվել է։ Առաջին անգամ այն կասեցվել է հունիսի 5-ին՝ 30 օր ժամկետով, իսկ երկրորդ անգամ՝ հուլիսի 6-ին՝ մինչև օգոստոսի 5-ը ներառյալ։ Օգոստոսի 6-ին Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը որոշում է ընդունել վարույթը վերսկսելու մասին։
Հաջորդ օրը՝ օգոստոսի 7-ին, համայնքապետը ստորագրել է որոշում, որով նախատեսվում է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությունից հօգուտ Վաղարշապատ համայնքի բյուջեի բռնագանձել 47,551,349 դրամ՝ որպես չվճարված հարկային պարտավորությունների գումար։
Եկեղեցին, չհամաձայնելով ընդունված որոշման հետ, դիմել է դատարան՝ պահանջելով այն անվավեր ճանաչել։
Համապատասխան հայցադիմումը Վարչական դատարան է մուտքագրվել հոկտեմբերի 9-ին։ Հոկտեմբերի 12-ին գործը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին։
Հրապարակվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը: Նշվում է, որ զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ կառավարության 2026–2031 թթ. ծրագրից և պատրաստվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ: Զեկույցը պատրաստվել է «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
Որպես առաջին քայլ առաջարկվում է Բարենորոգման համակարգող խմբի ձևավորում՝ հոգևորականների և աշխարհականների մասնակցությամբ, և դրա կազմի ընդլայնման ընթացակարգի հրապարակում, որպես երկրորդ քայլ՝ ՀԱԵ «փաստացի պետի հեռացում»:





