ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին առաջարկել է ապօրինի ճնշումների վերաբերյալ անձամբ իրեն հայտնել: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Նա հավելել է, որ ասվածը հիմնավորվելու դեպքում նման գործողության հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի։
«ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ, [email protected] էլ. փոստի հասցեով։
Հրապարակային պարտավորվում եմ. ասվածը հիմնավորվելու դեպքում նման գործողության հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի»,-գրել է նա:
Դրան հաջորդել է մեկ այլ գրառում, որտեղ ասվում է, որ կարող են դիմել նաև իրավապահ մարմիններին:
«Հայաստանի Հանրապետության բոլոր ընտրողներին կոչ եմ անում գնալ ընտրությունների և քվեարկել վարչական լծակներ, սպառնալիքներ, խծբ ճնշումներ, աշխատանքից ազատելու սպառնալիքներ կամ աշխատանքի ընդունելու խոստումներ գործածող, ընտրակաշառքներ բաժանող և կամ խոստացող թեկնածուների և քաղաքական ուժերի դեմ։
Եթե նման վարքագծով հանդես է գալիս որևէ ՔՊ–ական թեկնածու, կոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ–ական թեկնածուի դեմ։
Զուգահեռ՝ նման բոլոր դեպքերի մասին դիմեք ինձ կամ իրավապահ մարմիններին։ Կեցցե՛ ժողովրդավարությունը»,-գրել է նա:
Ավելի վաղ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել էր, որ խիստ արժանահավատ են դառնում ընդդիմադիր թեկնածուների ու պոտենցիալ թեկնածուների նկատմամբ մարզերում կիրառվող ճնշումների մասին ահազանգերը։
«Ակնհայտ է, որ բազմաթիվ ՔՊ-ականներ ուզում են ընտրություններին մասնակցեն մրցակցության բացակայության պայմաններում… Եվ դրա համար չեն վարանում նաև վարչական լծակներ կիրառելուց»,-գրել էր նա:





