Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել, հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
COP17-ի շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում գրանցված Զվարթնոց տաճար։ Մինչդեռ Ադրբեջանի կողմից ավերվող Արցախի մշակութային ժառանգության և բնության, ինչպես նաև բռնի տեղահանված արցախցիների իրավունքների մասին միջազգային հարթակում բարձրաձայնելու հնարավորությունը ՀՀ իշխանությունները չեն օգտագործում, գրում է Sputnik Արմենիան:
«Մեր կազմակերպությունը «Արցախի միությունը», ֆորմալ ընթացակարգով դիմեց, որ կանաչ գոտում տաղավար ունենանք որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ և ներկայացնենք Արցախի ժողովրդի հետ կապված հարցերը, Արցախի կենսաբազմազանությունը, ինչպես COP17-ն է ենթադրում։ Իրենք մերժեցին, տաղավար չտրամադրեցին։ Հիմա կարող են տարբեր պատճառաբանություններ բերել, որ ուրիշներին էլ են մերժել և այլն, բայց փաստացի մենք այդ հնարավորությունը չենք ունեցել»,– ասել է Բեգլարյանը։
Արտակ Բեգլարյանի փոխանցմամբ՝ «Արցախի միություն» կազմակերպության ներկայացրած հայտը բացասական պատասխան է ստացել՝ առանց մերժման պատճառները պարզաբանելու։ Կազմակերպությունն առցանց համակարգի միջոցով սահմանված ընթացակարգով դիմում է ներկայացրել, սակայն ստացված պատասխանում ընդամենը արձանագրված է եղել, որ տաղավար հատկացնելու հնարավորություն չի տրամադրվում։
Արցախի նախկին պետնախարարը նկատել է, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն ոչինչ չեն անում Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար, այլև «լեգիտիմացնում են ադրբեջանական հանցագործությունները և Արցախի օկուպացիան»։
«Բազմաթիվ հարմար առիթներ եղել են, ու սա էլ շատ լավ առիթ է ոչ միայն մշակութային ժառանգության մասին բարձրացնելու, այլև ընդհանրապես բնիկ ժողովրդի իրավունքների հարցը ներկայացնելու, թե Ադրբեջանն ինչ է արել և ինչ է անում Արցախում թե՛ կենսաբազմազանության և թե՛ լայն առումով Արցախի բնիկ ժողովրդի իրավունքների մասով, որն ուղղակիորեն կենսաբազմազանության հետ կապված է հենց ՄԱԿ–ի նորմերը հաշվի առնելով»,– ասել է Բեգլարյանը՝ ընդգծելով, որ COP 17-ի օրակարգային թեմաներից մեկը հենց բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների իրավունքների հարցն է՝ կենսաբազմազանության համատեքստում։
Բեգլարյանի համոզմամբ, Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում, իսկ քաղհասարակությունը չի կարողանում արդյունավետորեն օգտագործել ընձեռված հնարավորությունը` իշխանությունների ստեղծած արգելքների պատճառով։ Այնուամենայնիվ, Բեգլարյանը հույս ունի, որ համաժողովին տարբեր ձևաչափերով ու տարբեր հարթակներում մասնակցող քաղհասարակության այլ ներկայացուցիչները կկարողանան բարձրաձայնել Արցախի խնդրի մասին։
«Մեծաթիվ պատվիրակությունների, միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությունը Հայաստանում ինքնին հնարավորություն է ոչ ֆորմալ շփումների, իրազեկման, հարցերի բարձրացման։ Բայց, խնդիրն այն է, որ ինչ էլ մենք ներկայացնենք միջազգային հանրությանը, միևնույն է շոշափելի առաջընթաց չենք ունենա արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում, քանի դեռ ՀՀ–ն պետականորեն տեր չի կանգնում մեր իրավունքներին, դեռ հակառակը խանգարում է»,– շեշտել է Բեգլարյանը։





