Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով՝ հոկտեմբերի 18-ի դրությամբ հասնելով 1900.58 մետրի։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմի վերաբերյալ 2026 թվականի հոկտեմբերի 12-18-ն ընդգրկող ժամանակահատվածի դիտարկումների արդյունքները։
Միևնույն ժամանակ, արձանագրված ցուցանիշը 22 սանտիմետրով գերազանցում է 2025թ․ նույն օրվա մակարդակը։ Իսկ ընթացիկ տարվա հունվարի 1-ի համեմատ Սևանի ջրի մակարդակը բարձր է 36 սանտիմետրով։
Կենտրոնը նաև տվյալներ է ներկայացրել Արփա-Սևան ջրատարի միջոցով լիճ մուտք գործած ջրի քանակի վերաբերյալ։ Մասնավորապես, հոկտեմբերի 12-18-ն ընկած մեկշաբաթյա ժամանակահատվածում ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 0.515 միլիոն խորանարդ մետր ջուր։
2026 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 18-ը ներառյալ Արփա-Սևան ջրատարով լիճ տեղափոխված ջրի կուտակային ծավալը հասել է 176.785 միլիոն խորանարդ մետրի։





