ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի, Կենտրոնական բանկի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համակարգչային համակարգերը հայտնվել են հաքերների թիրախում։ Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրել է հարձակման առանձնահատկությունները:
«Խոսքը երկու տարբեր հարձակումների մասին է։ Թվյալ նյութում կներկայացվի Pegasus-ին փոխարենը եկած Candiru ընկերության կողմից տարածվող վիրուսը, որը գովազդային հարթակի միջոցով է իրականացվել։ Ինչպես նաև մեկ այլ հարձակում, որը, ըստ մասնագետների, արվել է Ղազզախստանից»,-գրել է նա:
Հայաստանի պետական հաստատությունների դեմ իրականացված կիբերհարձակման դեպքերը բացահայտել է կանադական Citizen Lab հետազոտական կենտրոնը։ Կազմակերպության մասնագետներին հաջողվել է ուսումնասիրել և պարզել վնասաբեր ծրագրային ապահովման գործարկման ու տարածման մեխանիզմը, հայտնում է Factor.am-ը:
«Իրենք գործարքի մեջ են մտել մի գովազդային ցանցի հետ։ Դա շատ տարածված բան է, երբ կայքն իր մոտ դնում է գովազդային ցանցի ծրագիրը, իսկ գովազդային ցանցը գովազդ է դնում ու ցուցադրում կայքերի վրա, կայքն էլ դրանից ստանում է տոկոս։ Ու այս գովազդային մեծ ընկերությունը, փաստացի, մտել է գործարքի մեջ Candiru-ի հետ և գովազդի միջոցով մարդկանց վարակել»,- նշել է Մարտիրոսյանը։
Մեդիափորձագետի դիտարկմամբ՝ վարակումները կատարվել են ոչ թե պատահականության սկզբունքով, այլ թիրախային։ Դրանք ուղղված են կոնկրետ անձանց և կազմակերպությունների։
«Հարձակումները եղել են շատ զանգվածային․ Հայաստանում ամենաշատն օգտագործվել է mamul. am կայքը։ Ուզում եմ անպայման նշել, որ բացարձակ չմտածեք, թե այդ կայքն ինչ-որ ձևով ներգրավված է, մեղավոր է և այլն․ պարզապես իրենց մոտ են տեղադրված եղել այդ գովազդային ցանցի բաներները։ Մոտ 1 միլիոն անգամ ցուցադրվել են գովազդները, որից 100,000-ը գնահատվում են որպես թիրախային, հարձակվողական տվյալ հավաքող կամ հարձակողական ցուցադրումներ»,- շեշտել է փորձագետը։
Կիբերհարձակման ընթացքում օգտագործված «Կանդիրու» ծրագիրն իսրայելական ծագում ունի։ Այն համեմատվում է լայն ճանաչում ձեռք բերած Pegasus լրտեսական ծրագրի հետ, որը նախկինում կիրառվել է զանգվածային հաքերային գործողությունների համար, մասնավորապես՝ 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում։
Այդ ծրագրային ապահովումն արտադրող իսրայելական ընկերությունն այն վաճառել է Ադրբեջանին։ Նշված ժամանակահատվածում դրա միջոցով վարակվել են պետական հաստատությունների ներկայացուցիչների, լրագրողների, ինչպես նաև օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների Android և iPhone համակարգերով աշխատող հեռախոսները։
«Տարօրինակ ձևով 2024 թվականից մենք չենք կարողանում CyberHUB-ում, հետազոտելով հեռախոսները, գտնել նոր վարակումներ։ Մի կողմից կթվա, թե դա լավ է, բայց իրականում այս ոլորտում, երբ տեսնում ես, որ ոչինչ չի կատարվում, ու դիմացդ Ադրբեջանն է, որը շատ անհավանական է, որ ոչինչ չի ուզում անել, չի ուզում քաղել նույն ձևի հետախուզական տեղեկատվություն»,- ընդգծել է Մարտիրոսյանը։
Թե այս անգամ ո՞վ է կանգնած վարակման հետևում․ Իսրայելը՞, Ադրբեջանը՞, թե երկու երկրներն էլ միասին, Սամվել Մարտիրոսյանը դժվարացել է ասել, միևնույն ժամանակ, ընդգծելով, որ Candiru-ի բացահայտման հաջորդ օրը մեկ այլ զեկույց է հրապարակվել, ըստ որի՝ 2026 թվականի սկզբին մեկ այլ հաքերային թիմի կողմից հարձակման է ենթարկվել Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։ Այս դեպքում հետքերը տանում են դեպի Ղազախստան։
«Ռուսալեզու են այդ հաքերները, դրա համար չի բացառվում, որ նաև կարող են լինել ռուսաստանյան, որոնք փորձում են քողարկվել և ներկայանալ որպես Ղազախստանում գործող»,- կարծիք է հայտնել մեդիափորձագետը։
Թեև հաքերային հարձակումները հայտնաբերվել են, սակայն հայտնի չէ, թե ինչ տվյալներ և բովանդակություն են կարողացել ձեռք բերել դրանց ընթացքում, բաց է նաև հարցը՝ ո՞ր երկիրն է կանգնած այս ամենի հետևում։





