Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում կրկին անդրադարձել է առաջիկա ՏԻՄ ընտրություններին և իշխող ուժի կողմից ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների մասին խոսակցություններին։ Նա նշել է, որ պետք է թույլ չտալ, որ, ժողովրդավարությունն օգտագործելով, Հայաստանում հաստատվի հակաժողովրդավարություն՝ կոչ անելով չշեղվել ժողովրդավարության կանոններից:
Նա հրահանգել է բացառել վարչական լծակների և ճնշումների կիրառումը ՏԻՄ ընտրություններում՝ նշելով, որ հակառակ դեպքում կլինի կոշտ արձագանք:
«Բոլորիդ կոչ եմ անում ժողովրդավարության, ազատության, օրինականության, կանոններից մի միլիմետր չշեղվեք, այսինքն կոչ չեմ անում, հրահանգում եմ և հրամայում եմ: Մի միլիմետր չշեղվեք, ժողովրդավարության, օրինականության, ազատության, կանոններից, որ դեպքում շեղում եղավ, լինելու է շատ կոշտ արձագանք, անհամաչափ կոշտ արձագանք»,-ասել է նա:
Նա նշել է, որ այն պաշտոնյան, ով հարկադրում է աշխատակցին մասնակցել կամ չմասնակցել նախընտրական հավաքների և քվեարկության, ենթակա է աշխատանքից ազատման, իսկ ուղղորդված քվեարկություն պարտադրելու դեպքում արդեն նախատեսվում է քրեական պատասխանատվություն։
«Եթե որևէ պաշտոնյա քաղաքացու նկատմամբ ճնշում գործադրի, ես այդ դեպքի մասին տեղեկանամ և այն փաստերով հիմնավորվի, կպարտավորվեմ հրապարակային պատժել այդ պաշտոնյային։ Կա ռիսկ, որ նման դեպքերը կարող են հիմնավորումներ չունենալ, բայց մենք չենք կարող բանավոր, մերկապարանոց հայտարարությունների հիման վրա պաշտոնյայի ազատել աշխատանքից՝ առանց ստուգված փաստերի առկայության»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև նաև կոչ է արել ընտրողներին առաջիկա ՏԻՄ ընտրություններում վարչական լծակներ, աշխատանքից ազատելու սպառնալիքներ կամ խոստումներ գործածող, ընտրակաշառքներ բաժանող և կամ խոստացող թեկնածուներին ու քաղաքական ուժերին ձայն չտալ։
Վարչապետը նշել է, որ ժողովրդավարությունը Հայաստանի իշխանության համար աներկբա արժեք է։





