AM
20 Հոկտեմբեր 2026 - 14:35 AMT

Իոաննիսյան․ Ճնշումների արդյունք է. այլ կերպ չես բացատրի ՔՊ-ի` հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից թեկնածուներ չառաջադրելը կարող է պայմանավորված լինել նրանց նկատմամբ գործադրված ճնշումներով։ Ըստ նրա՝ «այլ կերպ չի կարող բացատրվել բազմաթիվ համայնքներում ՔՊ-ի` (Հյուսիսկորեական ոճի) միայնակ մասնակցությունը»: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Վարչապետ Փաշինյանը կոչ է անում, որ ՏԻՄ ընտրությունների մասնակից ճնշումների ենթարկված բոլոր թեկնածուներն ու ընտրողները դիմեն իրեն։ Խոստանում է ասվածը հիմնավորելու դեպքում հրապարակային պատժել ճնշում բանեցրած պաշտոնյաներին։

Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ գիտի, որ նման բաները միշտ արվում են շատ զգուշությամբ։ Օրինակ, մեր ստացած ահազանգի համաձայն` Արմավիրի մարզպետը դաշնակցական Ռազմիկ Այվազյանին Արմավիրի քաղաքապետ չառաջադրվելու «համոզելու» սահմաններում հորդորել է մտածել նոր զորակոչված որդու մասին։

Բայց քանի դեռ վարչապետը, ձեռքի հետ, նաև դատախազի ֆունկցիաներն է ստանձնել, ուզում եմ հիշեցնել, որ նույն կերպ նա խոստացել էր քննել ու հաստատվելու դեպքում աշխատանքից ազատել ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Ապարանում ՔՊ-ի հավաքին անձնակազմին ու աշակերտներին բերած մի քանի դպրոցների տնօրեններին։

Եվ հիմա կռահեք 3 անգամից, թե այդ տնօրեններից քանիսն են գործից ազատվել… Ի հեճուկս այն հանգամանքի, որ ծառայողական քննությամբ հաստատվել է դասապրոցեսի հաշվին քարոզարշավ անելը։

Իսկ ինչո՞ւ այդ տնօրենները շարունակեցին պաշտոնավարել։ Քանի որ, ենթադրաբար, հրահանգ էին ստացել Ապարանի քաղաքապետից։ Իսկ Ապարանի քաղաքապետը ՔՊ-ի համար արժեքավոր տասովշիկ է, ով շուտով իրենց թեկնածուն է լինելու Ապարանում։

Առհասարակ, ակնհայտ է, որ բազմաթիվ համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը թեկնածուների նկատմամբ ճնշումների արդյունք է։ Այլ կերպ չի կարող բացատրվել բազմաթիվ համայնքներում ՔՊ-ի` (Հյուսիսկորեական ոճի) միայնակ մասնակցությունը։

Հ.Գ. Շուտով կպատմեմ, թե ինչպես են կարողանում մի քանի թեկնածուի ճնշելով կանխեն ամբողջ կուսակցության առաջադրումը համայնքում (սատանան ընտրակարգի դետալներում է)»,-գրել է նա:

Փաշինյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում կրկին անդրադարձել է առաջիկա ՏԻՄ ընտրություններին և իշխող ուժի կողմից ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների մասին խոսակցություններին։ Նա նշել է, որ պետք է թույլ չտալ, որ, ժողովրդավարությունն օգտագործելով, Հայաստանում հաստատվի հակաժողովրդավարություն՝ կոչ անելով չշեղվել ժողովրդավարության կանոններից:

«Բոլորիդ կոչ եմ անում ժողովրդավարության, ազատության, օրինականության, կանոններից մի միլիմետր չշեղվեք, այսինքն կոչ չեմ անում, հրահանգում եմ և հրամայում եմ: Մի միլիմետր չշեղվեք, ժողովրդավարության, օրինականության, ազատության, կանոններից, որ դեպքում շեղում եղավ, լինելու է շատ կոշտ արձագանք, անհամաչափ կոշտ արձագանք»,-ասել է նա: