AM
20 Հոկտեմբեր 2026 - 14:57 AMT

Արմավիրի մարզպետը Իոաննիսյանին դատի է տալու «զրպարտության համար»․ Վերջինս նշել է` իր ամեն բառը ճիշտ է

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն արձագանքել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի հրապարակած մեղադրանքներին՝ հերքելով Ռազմիկ Այվազյանի նկատմամբ ճնշում գործադրելու մասին պնդումները։

Իոաննիսյանը գրել էր, որ ստացած ահազանգի համաձայն` Արմավիրի մարզպետը դաշնակցական Ռազմիկ Այվազյանին Արմավիրի քաղաքապետ չառաջադրվելու «համոզելու» սահմաններում հորդորել է մտածել նոր զորակոչված որդու մասին

«Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես ոչ միայն երբեք նման բան չեմ ասել Ռազմիկ Այվազյանին, այլև երբեք, ոչ մի անգամ կյանքումս չեմ հանդիպել այդ մարդուն։ Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

Նրան ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Իոաննիսյանը՝ պնդելով, որ իր ասած «ամեն բառ, ամեն տառ ճիշտ է և խնդիր չունի ապացուցելու, որ այդ ահազանգը հենց այդ կերպ իրոք ստացել է»։

«Արմավիրի մարզպետը ինձ դատի է տալիս նրա համար, որ ասել եմ, որ մեր ստացած ահազանգի համաձայն` Արմավիրի մարզպետը դաշնակցական Ռազմիկ Այվազյանին Արմավիրի քաղաքապետ չառաջադրվելու «համոզելու» սահմաններում հորդորել է մտածել նոր զորակոչված որդու մասին։

Այդ ահազանգը կա և ես այն ճշգրիտ եմ ներկայացրել։ Ինձ ահազանգողը կա և անգամ համաձայն է, որ իրեն հղում անեմ։ Ասեմ ավելին, ահազանգի մի մասը հրապարակվել է սեպտեմբերի 15-ի ԱԺ նիստում։

Իմ ասած ամեն բառ, ամեն տառ ճիշտ է և ես խնդիր չունեմ ապացուցելու, որ այդ ահազանգը հենց այդ կերպ իրոք ստացել եմ։

Իսկ Արմավիրի մարզպետը կարող է վիճարկել նաև երկնքի կապույտ լինելը կամ նյուտոնի օրենքները։ Դա իր իրավունքն է։ Բայց թող պատրաստվի իմ փաստաբանի ծախսերը փոխհատուցելուն, թա փոքր թիվ չի լինելու։

Հ․Գ․ Միաժամանակ սրտանց շնորհավորում եմ մարզպետին այն կապակցությամբ, որ Արմավիրը միակ մարզկենտորնն է, որտեղ ՔՊ–ն միայնակ է մասնակցելու ընտրություններին։ Մյուս մարզերը «չկարողացան» ապահովել Ադրբեջանա–Հյուսիսկորեական վիճակներ»,-գրել է նա:

Ավելի վաղ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը հայտարարել էր, որ ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից թեկնածուներ չառաջադրելը կարող է պայմանավորված լինել նրանց նկատմամբ գործադրված ճնշումներով։ Ըստ նրա՝ «այլ կերպ չի կարող բացատրվել բազմաթիվ համայնքներում ՔՊ-ի` (Հյուսիսկորեական ոճի) միայնակ մասնակցությունը»: