ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն անդրադարձել է բնական գազի գնի հնարավոր բարձրացմանը և դրա ազդեցությանը երկրի տնտեսության վրա։ Պատգամավորն իր հարցն ուղղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված Սևակ Միքայելյանին:
«Գազի թանկացման հետ կապված մեր տնտեսությունը պատրա՞ստ է այդ հարվածն ընդունել և ի՞նչ կբերի դա»,- հարցրել է Մանուկյանը, հայտնում է Panorama.am-ը:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հունվարի 1-ից գազի գործող սակագնի պահպանումն ինքնաբերաբար երաշխավորված չէ։ Պատգամավորի խոսքով՝ անհրաժեշտ են համապատասխան բանակցություններ, որոնց արդյունքում պետք է հստակեցվի՝ գազի գինը պահպանվելու է ներկայիս մակարդակում, թե փոփոխվելու է։
Արձագանքելով հարցին՝ Սևակ Միքայելյանը հայտնել է, որ կառավարության համապատասխան պատասխանատուները բյուջետային պլանավորման ընթացքում հաշվի են առել գազի հնարավոր թանկացման հետ կապված ռիսկերը։ Նրա ներկայացմամբ՝ այդ աշխատանքների նպատակը հնարավոր գնային բարձրացումների բացասական ազդեցությունները մեղմելու և առաջացող ռիսկերը կլանելու հնարավորություններ ստեղծելն է։
«Կենտրոնական բանկի տեսանկյունից այստեղ ամենակարևորը գնաճային ճնշումներն են, ԿԲ-ն պետք է հետևի համապատասխան զարգացումներին։ ԿԲ-ի խնդիրն է սցենարային դիտարկումների ժամանակ տոկոսադրույքի վերաբերյալ որոշումներ կայացնելուց այդ սցենարը ևս դիտարկել և իր առկա գործիքակազմով այնպես անել, որ դրանք առնվազն միջնաժամկետ հատվածում գնաճի վրա չունենան այնպիսի ազդեցություններ, որպեսզի թիրախային միջակայքից շեղումներ տեղի ունենան»,- ասել է Սևակ Միքայելյանը։
Մեսրոպ Մանուկյանն արձագանքել է. «Պոտենցիալ, եթե գազի գինը թանկանա, չի թանկանալու 10 կամ 20 տոկոսով, կարող է շատ ավելի բարձր լինի։ Մի անգամ Կենտրոնական բանկի նախագահն ասաց, որ կոլապսի դա կբերի։ Կենտրոնական բանկը պետք է բոլոր հնարավոր սցենարներին պատրաստ լինի»։





