AM
20 Հոկտեմբեր 2026 - 18:26 AMT

«Գուստավի» նախկին մենեջերի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

«Գուստավ» ռեստորանի նախկին մենեջերի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել կանանց սանհանգույցում գաղտնի նկարահանումներ իրականացնելու դեպքի առնչությամբ։ Այդ մասին տեղեկացրել են ՀՀ քննչական կոմիտեից, հայտնում է Factor.am-ը:

«Անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը»,-ասել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

Նա հայտնել է, որ ռեստորանի նախկին մենեջերը Հայաստանում չէ և գտնվում է հետախուզման մեջ։

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին՝ կիրակի երեկոյան։ «Գուստավ» ռեստորանի այն ժամանակվա մենեջերն իր անձնական բջջային հեռախոսը գաղտնի տեղադրել է կանանց սանհանգույցի դարակներից մեկում՝ այցելուներին նկարահանելու նպատակով։ Միջադեպի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ սանհանգույցից օգտվող աղջիկներից մեկը պատահաբար նկատել է թաքցված հեռախոսը։ Հաստատությունը տեղեկացրել է, որ միջադեպի մասին տեղեկանալուց անմիջապես հետո մենեջերն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։