ԵԱՏՄ պայմանագիրը Հայաստանի նկատմամբ ժամանակավորապես կասեցնելու համատեղ որոշում կարող է ընդունվել: Այդ մասին ասվում է Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցում, որը Ռուսաստանի, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանի ներկայացուցիչները ներկայացրել են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում:
Զեկույցում ամփոփվել են Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը, ինչպես նաև ուսումնասիրվել են ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի իրավական համակարգերի համատեղելիության հնարավորությունները։
Զեկույցում արձանագրվել է, որ ԵԱՏՄ հիմնադիր պայմանագիրը հստակ և ուղղակի մեխանիզմ չի սահմանում, որի միջոցով միության անդամ երկրները կարող են միակողմանի որոշմամբ դադարեցնել կամ կասեցնել պայմանագրի գործողությունը մեկ այլ անդամ պետության նկատմամբ։ ուստի, որպես հնարավոր իրավական հիմք է ընդունվել 1969 թվականին ընդունված Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիան, որի հիման վրա չորս պետությունները կարող են քննարկել համատեղ որոշում ընդունելու հնարավորությունը։
Նման որոշմամբ կարող է ժամանակավորապես կասեցվել Հայաստանի նկատմամբ ոչ միայն Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի, այլև միության իրավական համակարգի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերի գործողությունը։
Այսպիսով, փաստաթղթում դիտարկվել է Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրային հարաբերությունների ժամանակավոր կասեցման տարբերակը՝ չորս անդամ պետությունների համաձայնեցված գործողությունների միջոցով։
Միաժամանակ զեկույցում առաջարկվել է հնարավոր կասեցման ժամկետը կապել Հայաստանում համազգային հանրաքվեի անցկացման հետ։ Փաստաթղթի համաձայն՝ նման որոշումը կարող է ուժի մեջ մնալ մինչև այն հանրաքվեն, որի ընթացքում Հայաստանի քաղաքացիները պետք է դիրքորոշում արտահայտեն երկրի հետագա ինտեգրացիոն ուղղության վերաբերյալ։ Խոսքը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը շարունակելու կամ Եվրամիությանն անդամակցելու ընտրության մասին է։
Նշվում է, որ փաստաթուղթը կներկայացվի միության անդամ երկրների ղեկավարներին հետագա քննարկման և ուսումնասիրության նպատակով։
Ավելի վաղ տեղեկություններ են հրապարակվել, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առաջիկա նիստը նախատեսված է անցկացնել 2026 թվականի դեկտեմբերին։
Զեկույցի պատրաստման հիմքում ընկած է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ին ընդունած համատեղ հայտարարությունը։ Փաստաթուղթը մշակվել է այդ հայտարարությամբ նախատեսված պայմանավորվածությունների իրականացման նպատակով։
Մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ԵԱՏՄ անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները հայտարարություն են ընդունել Հայաստանի իրավիճակի վերաբերյալ։ Հայաստանին առաջարկվում է հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով։
Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ հայտարարել են, որ եթե Հայաստանը շարունակի շարժվել դեպի Եվրամիություն, կարող է կորցնել Ռուսաստանից արտոնյալ պայմաններով գազ ձեռք բերելու հնարավորությունը։
Բացի այդ, Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-ն հունիսի 2-ից սահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողի և այլ կորիզավոր մրգերի ներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել է Հայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծման նկատմամբ։





