AM
21 Հոկտեմբեր 2026 - 10:24 AMT

Խուզարկություններ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» աջակիցների շրջանում․ 14 անձ ձերբակալվել է

Վաղ առավոտից խուզարկություններ և ձերբակալություններ են սկսվել Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» աջակիցների շրջանում։ Այս մասին տեղեկացրել է պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։

«Իշխանության գործողությունները չափազանց կանխատեսելի են, բայց տեղի ունեցողն արդեն անցնում է բանականության սահմանները․ երեկվա «ժողովրդավարության» ցուցադրությունն ու այսօրվա բացահայտ անօրինականությունները դրա վառ ապացույցն են»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի գրասենյակում իրականացված խուզարկություններից հետո 14 անձ է ձերբակալվել։ Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է Sputnik Արմենիան:

«Ի պատասխան՝ հաստատում ենք, որ խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում: Ձերբակալվել է 14 անձ։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշել են կոմիտեից:

Հոկտեմբերի 25-ին Ստեփանավանում նախատեսված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը համայնքապետի պաշտոնի համար առաջադրել է Արսեն Գևորգյանի թեկնածությունը։

Հոկտեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակում է կատարել՝ դիմելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող թեկնածուներին և ընտրողներին։ Նա բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե ենթարկվել են ապօրինի ճնշումների, հորդորել էր անմիջականորեն կապ հաստատել իր հետ՝ նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին։ Վարչապետը նաև ընդգծել է, որ նմանօրինակ գործողություններ կատարած ցանկացած պաշտոնյա հրապարակային պատժի է ենթարկվելու։

Հոկտեմբերի 20-ի դրությամբ Փաշինյանի կոչին արձագանքել է ընդամենը երեք քաղաքացի, որոնց թվում էր նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։ Վերջինս վարչապետին մի քանի տեսանյութ է ուղարկել, որոնք առնչվում են Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» աջակիցներին կամ կուսակցության անդամներին աշխատանքից ազատելու դեպքերին։ Սակայն ՀՀ վարչապետը հերքել է պատգամավորի ներկայացրած տեղեկությունները։