«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը պատրաստվում է հրաժարվել Ազգային ժողովի պատգամավորական մանդատից և նշանակվել Կոտայքի մարզպետի պաշտոնում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը, որից կարճ տեսանյութ է հրապարակել վարչապետը:
Ստեփանյանի թափուր մանդատի հաջորդ հավակնորդն ըստ ՔՊ ցուցակի Եսթեր Սահակյանն է, հայտնում է Factor.am-ը:
ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված կենսագրության համաձայն՝ Եսթեր Սահակյանը 2024 թվականի մարտի 15-ից ստանձնել է ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատուի պարտականությունները և մինչ այժմ զբաղեցնում է այդ պաշտոնը։
Մինչ այդ Սահակյանը մասնագիտական գործունեություն է ծավալել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնում, աշխատել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամում, ինչպես նաև Անվտանգության խորհրդի գրասենյակում, որտեղ զբաղեցրել է ժողովրդավարական ինստիտուտների բաժնի ավագ մասնագետի պաշտոնը։
Նրա աշխատանքային կենսագրության համաձայն՝ 2016-2018 թվականներին Սահակյանը նաև փորձագիտական աշխատանք է իրականացրել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն հիմնադրամում։
Factor.am-ը փորձել է կապ հաստատել Եսթեր Սահակյանի հետ՝ պարզելու, թե արդյոք նա պատրաստվում է ստանձնել պատգամավորական մանդատը, թե նախընտրում է շարունակել աշխատանքը վարչապետի աշխատակազմում։ Սակայն լրատվամիջոցին չի հաջողվել կապ հաստատել նրա հետ և մեկնաբանություն ստանալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ արարողակարգի պատասխանատու Եսթեր Սահակյանին հղիության և ծննդաբերության արձակուրդ է տրամադրվել 2026 թվականի հոկտեմբերի 12-ից մինչև 2027 թվականի փետրվարի 28-ը ներառյալ։





