Հանրային տրանսպորտում արձանագրված միջադեպի առնչությամբ իրավապահները ձերբակալել են նաև տեսանկարահանում կատարած կնոջը։ Նա կներկայացվի նախաքննական մարմին: Այդ մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է ուղևորը կոպիտ ձևով դիմում հատակին նստած ենթադրաբար իր կնոջը՝ պահանջելով, որ իրեն «նորմալ պահի»։ Տեսարանին արձագանքում է մեկ այլ ուղևորուհի, որից հետո վիճաբանություն է սկսվում:
«ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել են նաև տեսանյութը նկարահանած կնոջը։ Նա կներկայացվի նախաքննական մարմին»,-գրել է նա:
Մինչ այդ ՆԳՆ-ն հաղորդել էր, որ հանրային տրանսպորտում արձանագրված միջադեպի առնչությամբ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները համապատասխան գործողություններ են իրականացրել։ Դրանց արդյունքում իրավապահները հայտնաբերել և ձերբակալել են տարածված տեսանյութում երևացող տղամարդուն, որին այնուհետև ներկայացրել են նախաքննական մարմին։
Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ներկայացված հաղորդման հիման վրա իրավապահները քրեական վարույթ են նախաձեռնել։ Գործը հարուցվել է հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով։





