Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն ու իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դիմել են դատարան՝ պահանջելով իրավական գնահատական տալ իրենց հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու որոշումներին։
Նրանք վիճարկում են համալսարանի ղեկավարության՝ իրենց աշխատանքից ազատելու հրամանների օրինականությունը, հայտնում է Aysor.am-ը:
Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված տվյալների համաձայն՝ երկու հայցվորներն էլ պահանջել են անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագրերի լուծման վերաբերյալ հրամանները, վերականգնել իրենց նախկին աշխատատեղերում, ինչպես նաև ստանալ դրամական փոխհատուցում աշխատանքից ազատման հետևանքով առաջացած հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար։
Ալեն Ղևոնդյանը հուլիսին հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ից այլևս չի հանդիսանալու ԵՊՀ աշխատակից և Քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, քանի որ իր հետ կնքված աշխատանքային պայմանագիրը չի երկարաձգվելու։ Ղևոնդյանն այդ որոշումը քաղաքական էր գնահատել: Մելիքյանի հետ աշխատանքային պայմանագիրը ԵՊՀ-ն ևս չէր երկարացրել:
Ավելի վաղ ԵՊՀ դեմ հայց էր ներկայացրել նաև իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը երկար տարիներ ղեկավարած Գագիկ Ղազինյանը:





