AM
21 Հոկտեմբեր 2026 - 11:46 AMT

Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման հարթակը

Հոկտեմբերի 31-ից գործարկվելու է կենսաչափական փաստաթղթերի ստացման գործընթացի նախագրանցման առցանց հարթակը։

Նոր համակարգի միջոցով քաղաքացիները հնարավորություն կունենան փաստաթղթավորման դիմում ներկայացնել ինչպես խիստ նույնականացմամբ, այնպես էլ առանց խիստ նույնականացման։

Խիստ նույնականացմամբ նախագրանցման գործընթացում քաղաքացին անմիջապես կուղղորդվի վճարման էջ և սպասարկման իրեն հարմար գրասենյակ ընտրելու։

Առանց խիստ նույնականացման նախագրանցման դեպքում ներկայացված տվյալները կհամադրվեն Բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ։ Տվյալների ամբողջական համընկնման դեպքում քաղաքացին կկարողանա ընտրել սպասարկման օրը, ժամը և հասցեն, ինչպես նաև կատարել համապատասխան վճարումը։

Եթե ներկայացված տվյալները չհամընկնեն Բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ, քաղաքացին կուղղորդվի Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ տվյալները ճշտելու և անհրաժեշտության դեպքում շտկելու համար։

Տվյալների շտկումից և լիազոր մարմնի կողմից դրանց հաստատումից հետո միայն քաղաքացին կկարողանա ամրագրել սպասարկման օրն ու ժամը։ Նախագրանցման հնարավորությունը նշված օրվանից հասանելի կլինի «Հայփաս» ընկերության պաշտոնական կայքում։

ՀՀ-ում նոր` կարմիր գույնի կենսաչափական անձնագրեր կներդրվեն: Դրանք համապատասխանելու են միջազգային բարձր չափանիշներին և միաժամանակ արտացոլելու են հայկական ինքնությունը: Ըստ այդմ՝ նախ արտացոլված է ՀՀ ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

Կապույտ անձնագրերը ուժի մեջ կլինեն մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը: