Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի պաշտոնատար անձը 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրելու իրավունք ունեցող երեք քաղաքացիների որոշակի առավելություններ է տրամադրել, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:
Պաշտոնյան քաղաքացիների համար կազմել և տրամադրել է համապատասխան փաստաթղթեր, որոնց միջոցով վերջիններս հնարավորություն են ստացել օգտվելու էլեկտրաէներգիայի սպառման համար նախատեսված սուբսիդավորման արտոնությունից։ Խոսքը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության մատակարարած էլեկտրաէներգիայի ամսական 500 կՎտ ժամ սպառման ծախսերի սուբսիդավորման մասին է։
Մեկ այլ դեպքում համայնքապետարանի պաշտոնյան տրամադրել է անասնապահությամբ զբաղվելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկանք։ Այդ փաստաթուղթը նախատեսված է եղել բանկում գյուղատնտեսական վարկ ձևակերպելու և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից վարկի տոկոսագումարի լրացուցիչ սուբսիդավորում ստանալու միջոցով ֆինանսական միջոցներ ներգրավելու համար։
Բացի այդ, նույն պաշտոնատար անձը ևս երկու քաղաքացու տրամադրել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցմամբ զբաղվելու մասին կեղծ տեղեկանքներ։ Դրանք օգտագործվելու էին Հայաստանի առևտրային բանկերում գյուղատնտեսական վարկեր ստանալու և Էկոնոմիկայի նախարարության կողմից տոկոսագումարների լրացուցիչ սուբսիդավորման հնարավորությունից օգտվելու նպատակով։
Ըստ իրավապահ մարմնի՝ նման գործողություններով պաշտոնյան օժանդակել է նշված քաղաքացիներին՝ խարդախության միջոցով պետությունից, մասնավորապես ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջոցներից, գումարներ հափշտակելու գործընթացում։
Համայնքապետարանի պաշտոնյայի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով՝ երեք դրվագով, 445-րդ հոդվածի 1-ին մասով՝ երեք դրվագով, ինչպես նաև 46-255-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով։
Նախաքննական մարմինը դատարան է ներկայացրել պաշտոնատար անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն։ Դատարանը միջնորդությունը բավարարել է մասնակի՝ նրա նկատմամբ կիրառելով տնային կալանք։
Քրեական վարույթի նյութերը 2026 թվականի հոկտեմբերի 2-ին փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ հետագա քննության համար։





