AM
21 Հոկտեմբեր 2026 - 13:06 AMT

Պատգամավոր․ Ստեփանավանում ձերբակալվածների թվում է «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանը

Վաղ առավոտից Ստեփանավանում ձերբակավածների թվում է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի ավագանու ընտրություններում առաջադրված թեկնածու Արսեն Գևորգյանը։ Այդ մասին իրազեկել է խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։

Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 14 անձ:

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններում առաջադրված՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն, ընտրությանը մասնակցելու և ընտրության ժամանակ հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ավագանու անդամների թեկնածուների, ինպես նաև կուսակցության անունից հանդես եկող անձանց օժանդակությամբ, նույն համայնքում ընդգրկված տարբեր բնակավայրերի մի քանի տասնյակ ընտրողների տվել է ընտրակաշառք։

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ նույն թեկնածուն, հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ավագանու անդամի թեկնածուների օժանդակությամբ, յուրաքանչյուր ընտրողի համար նախատեսված գումարներն առանձնացնելու, նշումներ կատարելու և ցուցակներ կազմելու եղանակով նախապատրաստվել է ընտրակաշառք տալ 3 տասնյակից ավելի ընտրողների նույնպես:

Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ:

Ստեփանավան համայնքի ավագանու համամասնական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հոկտեմբերի 25-ին։ Ընտրապայքարին մասնակցում են չորս քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հանրապետություն» և «Գործարար» կուսակցությունները։