AM
21 Հոկտեմբեր 2026 - 13:21 AMT

Նախարար․ TRIPP զարգացման ընկերությունը մշտապես պետք է պատկանի ԱՄՆ կառավարությանը

TRIPP զարգացման ընկերությունը մշտապես պետք է պատկանի ԱՄՆ կառավարությանը և չի կարող օտարվել, հայտարարել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում, հայտնում է Radar.am-ը:

ԱԺ-ում մեկնարկել է «ՀՀ և ԱՄՆ միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման վերաբերյալ ռազմավարական համագործակցության» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու գործընթացը։ Հանձնաժողովում համաձայնագիրը ներկայացնում է նախարար Միրզոյանը։

«Ամրագրված է, կա ԱՄՆ կառավարության ստորագրությունը և պարտավորությունը, որ TRIPP զարգացման ընկերությունը մշտապես պետք է պատկանի ԱՄՆ կառավարությանը և չի կարող օտարվել կամ ներգրավել որևէ երրորդ կողմի»,- ասել է նա:

Նախարարը հավելել է, որ ԱՄՆ-ն TRIPP զարգացման ընկերության միջոցով տնօրինելու է Հայաստանում գործող ընկերության բաժնեմասերի 74 տոկոսը, իսկ ՀՀ-ին պատկանելու է ընկերության բաժնեմասերի 26 տոկոսը։ Նախատեսված բաժնեմասային հարաբերակցությունը գործելու է 49 տարի ժամկետով։

«Կողմերը կարող են երկարացնել իրենց իրավահարաբերությունները և նախագծի կենսագործունեությունը։ Այս դեպքում ավտոմատ կերպով՝ առանց ՀՀ-ի կողմից որևէ այլ հավելյալ ներգրավման, և միանգամից մեր բաժնեմասերը կդառնան 49 տոկոս, իսկ TRIPP զարգացման ընկերություն ԱՄՆ-ի բաժնեմասերը՝ 51 տոկոս»,- հավելել է նախարարը։

Մայիսի 26-ին Երևան ժամանած Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախաստորագրել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»՝ TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։ Հունիսի 1-ին փաստաթուղթը վերջնականապես ստորագրվել է։