AM
21 Հոկտեմբեր 2026 - 13:51 AMT

Ղահրամանյանը՝ Միրզոյանին․ Ո՞րն է երաշխիքը, որ TRIPP-ի վավերացումից հետո Բաքուն համաձայնագիրը կստորագրի

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում է TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծy, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին հարցրել է, թե որն է ո՞րն է երաշխիքը, որ TRIPP-ի վավերացումից հետո Բաքուն համաձայնագիրը կստորագրի

Միրզոյանը պատասխանել է, որ երաշխիքը փոխշահավետությունն է, այլ երաշխիք չկա, հայտնում է Panorama.am-ը:

«Այսօր ամբողջ աշխարհում իրական երաշխքը շահն է։ Մենք շահ ունենք, մենք չենք ուզում պատերազմ, ուզում ենք խաղաղություն, համագործակցություն։ Տեսնում ենք՝ Ադրբեջանն էլ է նույնն ուզում»,-ասել է նա:

Ղահրամանյանը հետաքրքրվել է՝ արդյոք համաձայնագրի կյանքի կոչումը ենթադրելու է Հայաստանի օրենսդրության փոփոխություններ, թե գործող իրավական կարգավորումները, մասնավորապես մաքսային և սահմանային ոլորտներում, շարունակելու են կիրառվել ամբողջ ծավալով։

«Արդյո՞ք TRIPP համաձայնագրի շրջանակում նախատեսվում է ՀՀ օրենսդրության մեջ որևէ փոփոխություն, թե՞ ՀՀ օրենսդրությունն, այդ թվում մաքսային, սահմանային, կարգավորումներն ամբողջությամբ, ամբողջ ծավալով գործելու են»,- հարցրել է Ղահրամանյանը։

Նա նաև հիշեցրել է, որ նույն հարցը նախկինում ուղղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն, իր գնահատմամբ, վարչապետը «իր սովորության համաձայն, հարցի ուղղությունը թեքեց և ուղիղ պատասխան չտվեց»։

Արարատ Միրզոյանը պարզաբանել է, որ օրենսդրական հնարավոր փոփոխությունների վերաբերյալ դրույթն արդեն ներառված է քննարկվող փաստաթղթում։ Նրա խոսքով՝ միջազգային համաձայնագրերի կնքումից և վավերացումից հետո համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացումը սովորական իրավական գործընթաց է։

«Այդտեղ գրված է, որ կարող են լինել համաձայնագրից բխող օրենսդրական փոփոխություններ։ Այդպիսի փոփոխություններ լինում են, և եղել են, Հայաստանը բազմաթիվ անգամներ արել է միջազգային այլ պայմանագրերի կնքումից ու վավերացումից հետո։ Դա միջազգային իրավապայմանագրային հարաբերությունների անբաժան, գրեթե անխուսափելի մասն է»,-ասել է նախարարը:

Պատգամավորին, սակայն, այդ պատասխանը չի բավարարել։ Ղահրամանյանը նշել է, որ կառավարությունը չի հստակեցնում նախատեսվող փոփոխությունների բովանդակությունը, դրանց առնչվող օրենսգրքերը և կարգավորման ենթակա հարցերը։

«Նախ՝ չեք նշում, թե ինչ փոփոխություններ, կոնկրետ որ օրենսգրքերում, ինչի վերաբերյալ են, թափանցիկ չեք դարձնում գործընթացը։

Ի՞նչն է խնդիրը որ TRIPP նախագծի վավերացումը հապճեպ եք փորձում առաջ մղել այն դեպքում, երբ խաղաղության համաձայնագրի համար ձեր կառավարության ղեկավարը ժամկետ նշեց որպես նպատակադրում՝ 2031 թվական։ Ո՞րն է երաշխիքը, որ TRIPP վավերացումից հետո Ադրբեջանը կգնա խաղաղության համաձայնագրի ստորագրման այն դեպքում, երբ որպես դրա նախապայման բազմիցս համարել է այս նախագիծը»,-ասել է նա:

Արձագանքելով գործընթացի արագության վերաբերյալ քննադատությանը՝ Միրզոյանը հայտնել է, որ փաստաթուղթը դեռ մայիսից դրվել է շրջանառության, անցել Սահմանադրական դատարանի համապատասխան փուլը և սահմանված ընթացակարգերով ներկայացվել Ազգային ժողովի քննարկմանը։

«Սրա հապճեպը ո՞րն է։ Ուզում ենք օր առաջ ավարտել փաստաթղթային գործընթացները, սկսել շինարարական աշխատանքները, օր առաջ երկաթուղթու պարագայում տեսնել գնացքները, հոսանքի վաճառք։ Սա Հայաստանի շահն է, չենք հետաձգել, բաց հապճեպ էլ չէ»,-ասել է Միրզոյանը:

Նա նաև հաստատել է, որ Ադրբեջանը բարձրացնում է ՀՀ Սահմանադրությունը փոխելու հարցը, գրում է Aysor.am-ը:

«Ասում է՝ ես նախաստորագրել եմ խաղաղության համաձայնագիրը, բայց պատրաստ չեմ այն ստորագրել, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է, մենք էլ ասում ենք՝ մեր Սահմանադրության մեջ ոչ մի մտահոգիչ բան չկա»,- ասել է Միրզոյանը:

Նա նշել է, որ այս հարցում հայկական կողմը չի կիսում ադրբեջանական կողմի մոտեցումները։

«Ադրբեջանն էլ ասում է՝ շատ լավ, մենք էլ ձեր մոտեցումները չենք կիսում»,- նշել է ԱԳՄԱ նախարարը։

Միրզոյանը վստահեցրել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի կողմից հիմա ՀՀ Սահմանադրության մասով ոչինչ չի բանակցվում։

«Հայաստանն ասել է՝ մենք պատրաստ ենք օր առաջ որոշելու խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղն ու ժամը, այս մոտեցումը հիմա էլ է կիրառելի»,- հավելել է Արարատ Միրզոյանը։

Մայիսի 26-ին Երևան ժամանած Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախաստորագրել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»՝ TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։ Հունիսի 1-ին փաստաթուղթը վերջնականապես ստորագրվել է։