AM
21 Հոկտեմբեր 2026 - 16:05 AMT

Միրզոյան․ Եթե կարողանալու ենք երկաթուղով Ադրբեջանի տարածքով ապրանք բերել Չինաստանից, հեգնելու ի՞նչ կա այստեղ

Ընդդիմությունն ասում է, որ TRIPP-ով Ադրբեջանը կապում ենք Նախիջևանին, ճի՛շտ է, բայց Հայաստանն էլ կապում ենք Չինաստանին, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը, որը խորհրդարանում ներկայացնում է համաձայնագիրը:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը հայտարարել է, որ իշխանությունը շտապում է վավերացնել TRIPP-ի համաձայնագիրը և սկսել շինարարությունը, մինչդեռ Բաքվի հետ խաղաղության պայմանագիրը դեռ ստորագրված ու վավերացված չէ, հայտնում է Factor.am-ը:

«Համապարփակ կարգավորման չհասնելով՝ Հայաստանը ևս մեկ առանցքային հարցում կատարում է Ադրբեջանի պահանջը՝ հողի վրա չունենալով ոչ մի առավելություն։ Ո՛չ գերիների վերադարձի հարցն է լուծվել, ո՛չ խաղաղության երաշխիքներ կան, ո՛չ էլ ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը մեր ինքնիշխան տարածքներից։ Արդյո՞ք սա հերթական միակողմանի զիջումը և բանակցային լծակների կորուստը չէ»,- հարցրել է ընդդիմադիր պատգամավորը։

Արձագանքելով հնչեցված քննադատությանը՝ Միրզոյանն առաջարկել է հստակ նշել, թե փաստաթղթի որ դրույթով է Հայաստանը որևէ զիջում կատարել։

«Մեր շահը ենթադրում է օր առաջ ապրանքների առաքում ունենալ, օրինակ՝ Չինաստան, և ապրանքներ ստանալ Չինաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, ինչպես նաև երկկողմ առևտուր Ադրբեջանի հետ։ Դուք ասում եք՝ Ադրբեջանը կապում ենք Նախիջևանին։ Ճի՛շտ է։ Բայց մոռանո՞ւմ եք, որ Հայաստանն էլ կապում ենք Չինաստանին։ Եթե մենք կարողանալու ենք երկաթուղով Ադրբեջանի տարածքով ապրանք բերել Չինաստանից, հեգնելու ի՞նչ կա այստեղ։ Սա փոխշահավետ նախագիծ է»,- ընդգծել է նախարարը։

Միրզոյանը նաև հիշեցրել է, որ Հայաստանն արդեն իսկ սկսել է օգտվել Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների հնարավորությունից։

«Մինչև հարավում երկաթուղու կառուցումը, որով Ադրբեջանն ապրանք կուղարկի Նախիջևան, Հայաստանն արդեն իսկ Ադրբեջանի տարածքով բեռներ է ստանում և ուղարկում։ Ո՞նց եղավ, որ նրանք շահում են, իսկ մենք հետ ենք ընկնում»,- ասել է նա:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման հարցը։