AM
21 Հոկտեմբեր 2026 - 16:07 AMT

Ղազինյան․ Տեսանյութում երևացող գումարը կարող է ցանկացած բանի համար նախատեսված լինել

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը, անդրադառնալով Ստեփանավանի ձերբակալություններին, հայտարարել է, որ պաշտոնական հաղորդագրության մեջ հերթական անգամ խախտվել է անմեղության կանխավարկածը՝ հավելելով, որ «իշխանությունները դիմել են ճնշումների և բռնաճնշման մեթոդների»։

Նրա խոսքով՝ տեսանյութում երևացող գումարը կարող է ցանկացած բանի համար նախատեսված լինել, հայտնում է Auroranews.am-ը:

«Մինչև 300 հազար դրամի գործարքները կարելի է կատարել կանխիկով։ Դա կարող է ամեն ինչի գումար լինել։ Գրպանից փող հանելն անպայման կաշա՞ռք է։ Մարդիկ նաև աշխատավարձ են ստանում։ Իրենց (իշխանությունների) տրամաբանությամբ՝ մարդիկ կես տարի աշխատում են, որ հետո կաշառքի տեսքով բաժանե՞ն։ Առհասարակ տարօրինակ է, որ ինչ-որ մեկն անընդհատ կաշառք է տալիս, բայց վերցնողներին այդպես էլ չեն կարողանում գտնել»,- նշել է Ղազինյանը։

Նրա խոսքով՝ ոչ մի իշխանության օրոք իրավապահ մարմիններն «այսպիսի մասշտաբով չեն ներգրավվել քաղաքական կյանքում»։

«Մեկ անձի բացարձակ իշխանություն է։ Ոչ մի դատախազ կամ քննիչ չի կարող խոսել անկախության մասին։ Նա ամեն ինչ որոշում է միանձնյա»,- հայտարարել է Ղազինյանը։

Միևնույն ժամանակ նա կտրականապես չի հերքել, որ ինչ-որ մեկը կարող էր անձնական նախաձեռնությամբ փորձել նյութապես շահագրգռել ընտրողներին։ Նրա խոսքով՝ եթե որևէ մեկը որոշել է ինքնագործունեությամբ զբաղվել, ապա առաջին հերթին կպատժվի հենց կուսակցության ղեկավարության կողմից։ Ղազինյանը հայտնել է, որ երկու օր առաջ եղել է Ստեփանավանում, զրուցել թեկնածուի ու շտաբի պետի հետ և բազմիցս զգուշացրել, որ ոչ ոք չփորձի գումար բաժանելու տեսքով «արջի ծառայություն» մատուցել։ Ճիշտ է, հաղորդում ներկայացրած անձի ինքնությունը Ղազինյանի մոտ հարցեր է առաջացնում, ինչպես և ձայնագրության բովանդակությունը։

«Հակակոռուպցիոն կոմիտեն ինքն էլ չի հերքում, որ տեսանյութերը մոնտաժվում են։ Իսկ ի՞նչ չափով են մոնտաժվում։ Դա խեղաթյուրում է իմաստը»,- փաստել է պատգամավորը։

Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան»-ի 14 ներկայացուցիչ, այդ թվում՝ քաղաքապետի թեկնածուն։