Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ և ԱՄՆ միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին։
Հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքում փաստաթղթին աջակցել է չորս պատգամավոր, իսկ մեկը դեմ է քվեարկել։ Այսպիսով, նախագիծը հաղթահարել է խորհրդարանական քննարկման հանձնաժողովային փուլը և նախատեսվում է ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա լիագումար նիստի օրակարգում, հայտնում է Factor.am-ը:
Համաձայնագրի հիմնական դրույթները և դրա իրականացման հնարավորությունները պատգամավորներին ներկայացրել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարն ընդգծել է, որ նախաձեռնության իրականացումը կարող է էապես մեծացնել Հայաստանի դերը միջազգային բեռնափոխադրումների և տարանցիկ հաղորդակցությունների համակարգում։ Նրա գնահատմամբ՝ տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը հնարավորություն կտա Հայաստանը վերածելու տարածաշրջանային և միջազգային լոգիստիկ նշանակալի հանգույցի։
Միրզոյանի ներկայացմամբ՝ նախատեսվող հաղորդակցությունները Հայաստանի համար նոր հնարավորություններ կբացեն Կենտրոնական Ասիայի, Չինաստանի և Իրանի ուղղություններով՝ նպաստելով արտաքին առևտրային կապերի ընդլայնմանը և բեռնափոխադրումների զարգացմանը։
Արտաքին գործերի նախարարը միաժամանակ շեշտել է, որ նախագծի իրականացումը նախատեսվում է ՀՀ ինքնիշխանության և իրավազորության լիարժեք պահպանմամբ։
Համաձայնագրի քննարկումն, ուղեկցվել է ընդդիմադիր պատգամավորների բարձրացրած մի շարք հարցերով և մտահոգություններով։ Նրանք ուշադրություն են հրավիրել նախագծի հնարավոր քաղաքական հետևանքների և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա անորոշությունների վրա։
Ընդդիմության ներկայացուցիչների հիմնական մտահոգություններից մեկն այն է, որ Հայաստանը կարող է Ադրբեջանի համար ապահովել նախատեսվող ճանապարհային հաղորդակցությունը, սակայն դրա դիմաց այդպես էլ չստանալ խաղաղության համաձայնագրի ստորագրման երաշխիքներ։
Չնայած հնչեցված առարկություններին՝ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին։





