AM
21 Հոկտեմբեր 2026 - 17:17 AMT

Բողոքի ակցիա՝ «Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ․ Դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումը

«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ բողոքի ակցիա էր կազմակերպվել: Ակցիայի մասնակից «Պրոյեկտ Ինտեր–Ինվեստ» խմբի (հիմնադրվել է 2002 թվականին և պատկանում է գործարար Նարեկ Նալբանդյանին–խմբ.) ֆինանսական վերահսկողության ղեկավար Արսեն Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ սեպտեմբերի 30–ին դիմել են սնանկության կառավարչին` «Հրազդան» ցեմենտի գործարանի գույքն ուղիղ վաճառքի տարբերակով ձեռքբերելու նպատակով։

«Դիմումը քննարկման է դրվել, հոկտեմբերի 6–ին տեղի է ունեցել պարտատերերի ժողով, որի արդյունքում դրական եզրակացությամբ կազմվել է արձանագրություն։ Այս հիմքով սնանկության կառավարիչը միջնորդություն է ներկայացրել Սնանկության դատարան (դատավոր՝ Աշոտ Ջավախյան)։ Մինչ օրս նա որոշում չի կայացրել, ու ստրատեգիական նշանակություն ունեցող այս կառույցը չի շահագործվում»,– հայտարարել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:

Պողոսյանն ընդգծել է, որ գործարանի արտադրական գործունեության հնարավորինս արագ վերականգնումը կարող է նպաստել Հայաստանում ցեմենտի շուկայում այս օրերին արձանագրվող պակասուրդի մեղմմանը։

Նրա խոսքով` եթե ձգձգվի որոշման հրապարակումը, ապա օրենքով սահմանված կարգով կդիմեն համապատասխան գործողությունների։

Բողոքի ակցիային մասնակցել է նաև Լևոն Կակոսյանը, որը, իր ներկայացմամբ, գործարանի ձեռքբերման գործարքի ավարտից հետո պետք է ստանձնի ձեռնարկության տնօրենի պաշտոնը։

Կակոսյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 6-ից սպասում են գործարքի վերջնական ձևակերպմանը, որպեսզի հնարավոր լինի անցնել գործարանի կառավարման և արտադրության կազմակերպման աշխատանքներին։

Նա նշել է, որ արդեն մշակվել են ներդրումային ծրագրեր, ինչպես նաև ներգրավվել են համապատասխան մասնագետներ՝ ձեռնարկության հետագա գործունեությունն ապահովելու նպատակով։ Սակայն գործընթացի ավարտը շարունակում է կախված մնալ դատարանի որոշումից։

Կակոսյանի ներկայացրած տվյալներով՝ գործարանն ունի մոտ 1000 աշխատակից, որոնցից 450-ը՝ մշտական։

«Հրազդան» ցեմենտի գործարանը, որը նախկինում հայտնի է եղել նաև «Հրազդանի ցեմենտի համալիր» և «Միկա Ցեմենտ» անվանումներով, համարվում է Հայաստանի ծանր արդյունաբերության խոշոր ձեռնարկություններից մեկը։ Արտադրական համալիրը զբաղեցնում է մոտ 54 հեկտար տարածք և ունի տարեկան մինչև 1․2 միլիոն տոննա ցեմենտ արտադրելու նախագծային հզորություն։

Տարիների ընթացքում կուտակված մեծածավալ պարտքերը, վարկային պարտավորությունները և տնտեսական դժվարությունները հանգեցրել են գործարանի ֆինանսական վիճակի վատթարացմանը։ Արդյունքում ձեռնարկությունը հայտնվել է սնանկության գործընթացում, իսկ վերջին տարիներին դրա արտադրական գործունեությունը փաստացի դադարեցված է եղել։ Սնանկության գործընթացի հետևանքով գործարանի գույքային համալիրն անցել է «ԱՄԻՕ Բանկ»-ին, որը նախկինում գործել է «Հայբիզնեսբանկ» անվամբ։

2026 թվականի սեպտեմբերին «ԱՄԻՕ Բանկ»-ի կազմակերպած աճուրդի արդյունքում գործարանի գույքային համալիրը 11 միլիարդ 101 միլիոն դրամով ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։