AM
21 Հոկտեմբեր 2026 - 18:06 AMT

Կնոջ նկատմամբ բռնության և սպառնալիքների գործով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնանարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնց համաձայն՝ տղամարդը 2021 թվականի հոկտեմբերին կենցաղային հարցերի պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ ֆիզիկական բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ։

Մասնավորապես, ըստ քննության տվյալների, ամուսինը արմունկով հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր հատվածներին, նրա գլուխը հարվածել պատին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Դրանից հետո տղամարդը խոհանոցային դանակը պահել է կնոջ կոկորդին և սպառնացել սպանել նրան։

Նախաքննությամբ տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ տղամարդը նմանատիպ արարքը կրկնել է 2024 թվականի հուլիսին՝ կրկին բռնություն գործադրելով կնոջ նկատմամբ և սպառնալով նրա կյանքին։

Ըստ վարույթի նյութերի՝ տղամարդը ծանր է տարել կնոջ հետ փաստացի ամուսնական հարաբերությունների դադարեցումը և, նպատակ ունենալով նրան վարկաբեկել հարազատների շրջանում, 2024 թվականի օգոստոսին «WhatsApp» հաղորդակցման հավելվածով կնոջ ազգականներին ցուցադրել և ուղարկել է նրա մերկ լուսանկարները։

Բացի այդ, քննության տվյալներով՝ 2024 թվականի օգոստոսի 14-ից մինչև նոյեմբեր տղամարդը շարունակաբար հետամտել է կնոջը, այն է՝ նշված ժամանակահատվածում իր կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարների տարբեր հավելվածներով և էլեկտրոնային փոստի միջոցով նրան ներգրավել է անցանկալի հաղորդակցության մեջ՝ պարբերաբար հայհոյանքներ և սպառնալիքներ տալով վերջինիս և նրա հարազատների հասցեին:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա հսկող դատախազի որոշմամբ տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։

Մասնավորապես, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ հոգեկան ներգործության երկու դրվագի, և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ ֆիզիկական ներգործության երկու դրվագի համար։

Բացի այդ, քրեական հետապնդում է հարուցվել 196.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ հետամտելու, ինչպես նաև 204-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու համար։

Նախաքննության ավարտից հետո քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ փոխանցվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և գործը դատական քննության ուղարկելու միջնորդությամբ։