AM
21 Հոկտեմբեր 2026 - 18:18 AMT

«Դոմուսի» մասնաճյուղերից մեկը կապարակնքվել է․ Տեսչական մարմինն է որոշել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը որոշում է ընդունել ամբողջությամբ դադարեցնել «ԴՈՄՈՒՍ» փակ բաժնետիրական ընկերության շահագործած առևտրի կենտրոնի գործունեությունը։ Առևտրային օբյեկտը նաև կապարակնքվել է՝ հրդեհային անվտանգության պահանջների խախտումների պատճառով։

Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ Երևանի Դավիթ Բեկի փողոցի 110 հասցեում գտնվող և «ԴՈՄՈՒՍ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող առևտրի օբյեկտում ստուգման նպատակն է եղել պարզել, թե ինչպես են կատարվել 2025 թվականի նոյեմբերի 20-ին տրված կարգադրագրով սահմանված պահանջները։

Իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում մասնագետները հայտնաբերել և արձանագրել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերով նախատեսված պահանջների մոտ մեկ տասնյակ խախտումներ։

Հաշվի առնելով արձանագրված խախտումները՝ տեսչական մարմնի ղեկավարը որոշում է կայացրել ամբողջությամբ դադարեցնել տվյալ հասցեում գործող առևտրի կենտրոնի աշխատանքները։ Ըստ գերատեսչության՝ սահմանափակումը գործելու է այնքան ժամանակ, մինչև առևտրային օբյեկտում հայտնաբերված հրդեհային անվտանգության բոլոր խախտումները վերացվեն։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ։

Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացված որոշման համաձայն՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում հոկտեմբերի 𝟐𝟎-ին կապարակնքվել է նշված առևտրի օբյեկտի շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։