«Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը 2 ամսով կալանավորվել է: Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալված ևս 13 անձանց առնչությամբ ներկայացված միջնորդությունների քննությունը դեռևս շարունակվում է, և դրանց վերաբերյալ որոշումներ առայժմ չեն կայացվել։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ իրավապահները խուզարկություններ են իրականացրել Ստեփանավանում գործող «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակում, որոնց հետևանքով ձերբակալվել է ընդհանուր 14 քաղաքացի։ Նրանց մեղսագրվում են ընտրակաշառք բաժանելը, այդ գործողությանը օժանդակելը, ինչպես նաև ընտրակաշառք ստանալը։
Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքում ավագանու ընտրություններն անցնելու են հոկտեմբերի 25-ին։ Նախատեսված քվեարկությունն անցկացվելու է համամասնական ընտրակարգով։ Ընտրական պայքարին մասնակցում են չորս քաղաքական ուժեր։ «Գործարար» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Ստեփանավանի ներկայիս համայնքապետ Արմեն Գրիգորյանը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համարում Լոռի Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արայիկ Ներսիսյանն է։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է Արսեն Գևորգյանի գլխավորած ցուցակով, մինչդեռ «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Արտակ Ալեքսանյանը։





