AM
22 Հոկտեմբեր 2026 - 10:35 AMT

ՆԳՆ-ն առաջարկում է երթևեկության մի շարք խախտումների համար 5000 դրամ տուգանքը հասցնել 20,000-ի

Ներքին գործերի նախարարությունը մշակել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է ճանապարհային երթևեկության մի շարք խախտումների համար գործող տուգանքները 5000 դրամից բարձրացնել մինչև 20 հազար դրամ։

Նշվում է, որ դա արվում է Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և մայրաքաղաքում խցանումների առաջացման պատճառ հանդիսացող իրավախախտումների ռիսկերը նվազեցնելու նպատակով։

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում մի շարք արարքներ խստության տեսանկյունից այդքան էլ ադեկվատ գնահատված չեն և նախագծի մի մասը, որը ներկայացրել է Ներքին գործերի նախարարությունը դրա մասին է»,- ասել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

Նախագծով առաջարկվել է Երևանում երթևեկելի մասի երկրորդ կամ երրորդ շարքում, ինչպես նաև հանրային տրանսպորտի կանգառներում ավտոմեքենան կայանելու համար ներկայումս սահմանված 5000 դրամ տուգանքը բարձրացնել մինչև 20 հազար դրամ։ Միաժամանակ նախատեսվում է տվյալ խախտման համար կիրառել նաև մեկ տուգանային միավոր։

Ներքին գործերի նախարարի տեղակալն ընդգծել է, որ վարչարարության ծավալների ավելացումը մինչ այժմ չի ապահովել ակնկալվող արդյունքը։ Վարորդները շարունակել են թույլ տալ նույն խախտումները և ենթարկվել տուգանքների, մինչդեռ նախաձեռնության հիմնական նպատակը նման իրավախախտումների բացառումն է։

Ներկայացված օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է նաև ավելի բարձր պատասխանատվություն այն դեպքերի համար, երբ կանոնների խախտմամբ կայանված ավտոմեքենան տարհանվել և տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ Նման իրավիճակում տուգանքը կազմելու է 29 հազար դրամ, իսկ նախատեսված տուգանային միավորների քանակը բարձրացվելու է մինչև մեկը։

Առանձին փոփոխություններ են առաջարկվել մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման անվտանգության պահանջները չպահպանելու դեպքերի համար։ Նախարարությունը նախատեսել է այս խախտման համար ևս գործող 5000 դրամ տուգանքը փոխարինել 20 հազար դրամով։

Օրենսդրական նախաձեռնությամբ անդրադարձ է կատարվել նաև վարորդների սթափության ստուգման հնարավորությունների ընդլայնմանը։ Ներկայումս արագացված ստուգման միջոցով հնարավոր է պարզել միայն ալկոհոլի օգտագործման փաստը։ Առաջարկված նոր կարգավորմամբ նախատեսվում է ներդնել նաև թքի նմուշի հետազոտության միջոցով թմրամիջոցների օգտագործումը հայտնաբերելու հնարավորություն։

Նախագծում ընդգրկվել են նաև անհատական շարժունակության միջոցների, մասնավորապես՝ ինքնագլորների օգտագործմանը վերաբերող կարգավորումների փոփոխություններ։

Միաժամանակ նախատեսվում է պահպանել տուգանքները նվազեցված չափով վճարելու գործող հնարավորությունները։ Մասնավորապես, շարունակելու են կիրառվել տուգանքների վճարման համար նախատեսված 20 և 30 տոկոս զեղչերը։