AM
22 Հոկտեմբեր 2026 - 11:06 AMT

Պապոյան. Հայաստանից ԵՄ երկրներ արտահանումն աճել է 51%-ով

Հայաստանից Եվրամիության անդամ երկրներ արտահանումը 2026 թվականի առաջին 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 51 տոկոսով՝ հասնելով 717 մլն դոլարի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նա հրապարակել է Եվրամիության անդամ երկրներ հայկական արտադրանքի արտահանման ծավալների փոփոխության վերաբերյալ տվյալները՝ համեմատելով 2025 և 2026 թվականների հունվար-սեպտեմբեր ամիսների ցուցանիշները։

Մասնավորապես, արտահանման ծավալների փոփոխությունները հետևյալն են. Բուլղարիա՝ արտահանումն ավելացել է 4․9 անգամ, Մալթա՝ աճել է 4․8 անգամ, Ավստրիա՝ արտահանման ծավալներն ավելացել են 3․1 անգամ, Լեհաստան՝ աճել է 3 անգամ, Էստոնիա՝ ցուցանիշն ավելացել է 2․8 անգամ, Սլովենիա՝ արտահանումն աճել է 2․7 անգամ, Ֆինլանդիա՝ աճել է 2․5 անգամ, Լիտվա՝ աճել է 2․4 անգամ, Կիպրոս՝ աճել է 2․2 անգամ, Իսպանիա՝ աճել է 2․1 անգամ:

Դեպի Շվեդիա՝ աճել է 2 անգամ, Չեխիա՝ աճել է 80․4%-ով, Խորվաթիա՝ աճել է 71․3%-ով, Բելգիա՝ աճել է 40․6%-ով, Իռլանդիա՝ աճել է 34․6%-ով, Իտալիա՝ աճել է 31․6%-ով, Հունգարիա՝ աճել է 31%-ով, Լատվիա՝ աճել է 10․9%-ով, Ռումինիա՝ աճել է 3․6%-ով, Դանիա՝ աճել է 1․4%-ով:

Կան նաև երկրներ, որոնց ուղղությամբ արտահանումը ՀՀ-ից նվազել է․ Սլովակիա՝ նվազել է 1․4%-ով, Ֆրանսիա՝ նվազել է 1․6-ով, Գերմանիա՝ նվազել է 7․6%-ով, Հունաստան՝ նվազել է 10․6%-ով, Նիդերլանդներ՝ նվազել է 13․7%-ով, Լյուքսեմբուրգ՝ նվազել է 32․3%-ով, Պորտուգալիա՝ նվազել է 32․8%-ով:

«Ընդհանուր ԵՄ՝ աճել է 51%-ով՝ անցած տարվա 475 մլն դոլարի փոխարեն դառնալով 717 մլն դոլար»,-ասվում է գրառման մեջ:

Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։ Այս ֆինանսական աջակցությունը Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի կողմից հայտարարված համապարփակ աջակցության փաթեթի առաջին մասնաբաժինն է, որը ներառում է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված առևտրի դյուրացման և համերաշխության միջոցառումներ։