AM
22 Հոկտեմբեր 2026 - 11:22 AMT

«Ուժեղ Հայաստանի» համակիր 2 կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

Ստեփանավանում ձերբակալված 14 անձանցից 10-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը։ Այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է Sputnik Արմենիան:

«Ուժեղ Հայաստանի» համակիր 2 կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը կալանավորվել է:

«Ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով նախօրեին ձերբակալված 14 անձանցից 10-ի, այդ թվում՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և ավագանու անդամների 5 թեկնածուների նկատմամբ, որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը»,– տեղեկացրել են կոմիտեից։

Մնացած մեղադրյալների նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված այլընտրանքային խափանման միջոցներ։

Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 25-ին:

Հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում անցկացված խուզարկությունների արդյունքում 14 անձ է ձերբակալվել։ Ըստ ՀԿԿ-ի, նրանք մեղադրվում են ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեջ։