Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ներկայացուցիչ Ռաֆայել Բենիտեզի հետ, քննարկել Հայաստանի և Եվրախորհրդի 2027–2030 թվականների համատեղ գործողությունների ծրագրի համաձայնեցման գործընթացը։
Նախարարի տեղակալը ողջունել է Եվրոպայի խորհրդի մասնակցությունը Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ ընդգծելով կենսաբազմազանության պահպանության ոլորտում կազմակերպության փորձի ու ներդրման նշանակությունը։
Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցությունը՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա։
Ընդգծվել է համագործակցության կարևորությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի առաջմղման հարցերում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները: Կարևորվել է կենսաբժշկության, առողջապահության, շրջակա միջավայրի պահպանության և սոցիալական իրավունքների ոլորտներում համագործակցության ամրապնդումը։





