AM
22 Հոկտեմբեր 2026 - 11:50 AMT

Կարճվել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Էդգար Հովհաննիսյան) կարճել է կարգալույց կռչակված Արման Սարոյանին՝ նախկինում Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու հայցով գործի վարույթը։ Այդ մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

Արման Սարոյանը պահանջել էր անվավեր ճանաչել Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն այդ պաշտոնում։

Դատարանը հաստատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առանցքային իրավական դիրքորոշումը՝ թեմակալ առաջնորդի նշանակումն ու պաշտոնից ազատումը կաթողիկոսի բացառիկ իրավասությունն է և կազմում է եկեղեցու ինքնակառավարման ու ներքին կյանքի անբաժանելի մասը։

Դատարանն արձանագրել է, որ այդ հարաբերությունները կարգավորվում են ներեկեղեցական կանոններով՝ կանոնական իրավունքով, իսկ տվյալ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության։

Դատարանը վերացրել է նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցները, որոնցով սահմանափակվել էր Մայր Աթոռի՝ Մասյացոտնի թեմի կառավարման վերաբերյալ որոշումների իրականացումը։

Փաստաբանը նշել է, որ այս հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին դատական ակտի ենթադրյալ խոչընդոտման համար են մեղադրյալի կարգավիճակ ստացել կաթողիկոսը և վեց եպիսկոպոս:

«Եկեղեցու հոգևոր իշխանության ձևավորումը, հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող նույնացվել սովորական աշխատանքային հարաբերությունների հետ և ենթարկվել աշխարհիկ դատարանների վերահսկողությանը՝ անտեսելով եկեղեցու կանոնական իրավունքը։

Եկեղեցու ինքնավարությունը ոչ թե արտոնություն է, այլ Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով պաշտպանվող հիմնարար երաշխիք»,-ասվում է գրառման մեջ:

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվել էր 2026 թվականի հունվարի 10-ին։ Նրա հայցի շրջանակում դատարանը կիրառել էր հայցի ապահովման միջոց՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Հունվարի 27-ին Սարոյանը կարգալույծ էր հռչակվել։

Կաթողիկոսի և վեց հոգևորականների վերաբերյալ առանձին քրեական գործով սեպտեմբերի 18-ի նիստում պաշտպանական կողմը միջնորդել էր դադարեցնել քրեական հետապնդումը և կարճել վարույթը։ Այդ գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 30-ին։