Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները կավարտվի մինչև տարեվերջ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական աշխատանքային այցն է կատարել հուշահամալիր՝ տեղում ծանոթանալու բարեկարգման երկրորդ փուլի ընթացքին։ Կապալառուն հավաստիացրել է, որ աշխատանքներն իրականացվում են նախատեսված ժամանակացույցով։
Ներկայացվել են նաև հաջորդ տարվա անելիքները։ Քննարկվել է միաժամանակ մի քանի հատվածում աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը՝ անհրաժեշտության դեպքում ավելացնելով աշխատուժի և մասնագետների թիվը։
Կարևորվել է նաև ձմռան ամիսներին նախապատրաստական աշխատանքների, մասնավորապես՝ քարերի մշակման և անհրաժեշտ նյութերի պատրաստման կազմակերպումը՝ հաջորդ փուլում աշխատանքների անխափան ընթացքն ապահովելու նպատակով։
Անդրեասյանը կարևորել է շինարարական աշխատանքների ընթացքում հուշահամալիրի այցելուների համար հնարավորինս հարմարավետ և անվտանգ պայմանների ապահովումը` ևս մեկ անգամ ընդգծելով բարձր որակի և սահմանված ժամկետների պահպանման անհրաժեշտությունը:





