Առաջարկվում է անապահով ընտանիքների աշխատունակ անձանց, զորացրված զինծառայողների և Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց զբաղվածության ծրագրերը միավորել մեկ ծրագրի մեջ, որպեսզի դրանով բարձրացվեն ծրագրի հասցեականությունն ու արդյունավետությունը: Այդ մասին կառավարության նիստում ասել է աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով նախաձեռնությունը:
Նախարարի խոսքով՝ փոփոխության հիմնական նպատակն է առավել նպատակային և արդյունավետ դարձնել զբաղվածության խթանման պետական աջակցությունը, հայտնում է 1lurer.am-ը:
Առաջարկվող ծրագիրը բաղկացած է լինելու երեք հիմնական փուլից:
«Նոր ծրագրով առաջարկում ենք 3 հիմնական փուլ, որոնցից առաջինը կրթական էլեկտրոնային վաուչերներն են: Շահառուներին կտրամադրվի մինչև 250 հազար դրամ արժողությամբ մեկանգամյա վաուչեր՝ մասնագիտական ուսուցում անցնելու համար: Այն հնարավոր կլինի օգտագործել տրամադրումից հետո 6 ամսվա ընթացքում ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված ոչ ֆորմալ կրթության մոդուլային ծրագրեր իրականացնող կազմակերպություններում, իսկ ուսուցման ավարտին շահառուն կստանա համապատասխան վկայական:
Դրանից հետո հաջորդ փուլում նախատեսվում է ֆինանսական աջակցություն գործատուին: Վաուչերով ուսուցում անցած, վկայական ստացած անձին համապատասխան մասնագիտությամբ աշխատանքի ընդունելու և նրա հետ առնվազն 3 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում գործատուին կփոխհատուցվի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարը:
Առաջին 3 ամիսներին՝ 50 տոկոսի չափով, առավելագույնը 25 հազար դրամ, իսկ 4-6-րդ ամիսներին՝ 100 տոկոսի չափով, ամսական առավելագույնը 50 հազար դրամ:
Կա նաև միանվագ աջակցություն շահառուին, եթե աշխատանքային հարաբերությունները 3 ամիս շարունակվեն՝ 100 հազար դրամի չափով, իսկ 12 ամիս շարունակվելու դեպքում՝ 200 հազար դրամի չափով»,- ասել է նա:
Նախարարի ներկայացմամբ՝ ծրագրի իրականացման բոլոր փուլերը կազմակերպվելու են թվային հարթակի միջոցով։ Նախատեսվում է, որ զբաղվածության աջակցության միասնական ծրագիրը կմեկնարկի 2027 թվականի հունվարի 1-ից։





