AM
22 Հոկտեմբեր 2026 - 14:47 AMT

Փաշինյան․ Ապոկալիսպիս չի լինելու, նախկինում էլ է գազի գինը թանկացել

Հայաստանի տնտեսությանն ապոկալիպսիս չի սպասվում, իսկ բոլոր նրանք, ովքեր նման կարծիք ունեն, տնտեսությունից բան չեն հասկանում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում՝ անդրադառնալով ԵԱՀԿ 4 երկրների զեկույցին և գազի գնի 69 տոկոսով հնարավոր թանկացմանը։

«Հայաստանի տնտեսությունում ապոկալիսպիս չի լինելու։ Ովքեր խոսում են ապոկալիպսիսի մասին, տնտեսությունից չեն հասկանում, ուղիղ եմ ասում»,- ասել է Փաշինյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Սեպտեմբերին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասել էր, թե գազի գնի թանկացումն, ըստ էության, ապոկալիպտիկ բան է ենթադրում, որին մեր արձագանքը պետք է լինի ավելի ուժգին ու ոչ բնականոն։

Անդրադառնալով ԿԲ նախագահի հայտարարությանը՝ Փաշինյանն ասել է, որ Բ-ն անկախ կառույց է, ինչ կուզի, այն էլ կասի, իսկ ինքը կառավարությունն է ներկայացնում։

Նրա խոսքով՝ պետք է նաև հարց տալ, թե ինչպես է ստացվում, որ հարևան Թուրքիայում և Ադրբեջանում գազը 2-3 անգամ թանկ է, սակայն այնտեղ աճեցրած լոլիկը 2-3 անգամ էժան է։

Վարչապետի խոսքով՝ ապոկալիպսիս էր խոստացվում նաև 2019, 2020 և մյուս թվականներին, սակայն Հայաստանի տնտեսությունը շարունակել է աճել։ Փաշինյանը նաև հայտարարել է, թե վերջին 8 տարիների ընթացքում գազի գինը 2 անգամ թանկացել է, սակայն բարեխիղճ հարկ վճարողների շնորհիվ կառավարությունը կարողացել է այնպես անել, որ ՀՀ քաղաքացին դա չզգա։

«Դուք տեղյակ չե՞ք եղել։ 2019-ին թանկացել է, չգիտեի՞ք։ Հետո էլ է թանկացել։ Ուղղակի ՀՀ կառավարությունը հարկ վճարող քաղաքացիների շնորհիվ կարողացել է այնպես անել, որ դա նկատելի չլինի ՀՀ ժողովրդի համար: Ոչ մեկը չի՞ հարցնում՝ վա՜յ, բա գազի գինը թանկացել է, մեզ համար ինչո՞ւ չի թանկանում»,- նշել է նա, հայտնում է Radar.am-ը:

Հոկտեմբերի 20-ին հրապարակվել է Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի զեկույցը, որում ներկայացված են ԵԱՏՄ անդամակցության կասեցման հնարավոր հետևանքները։ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում ներմուծվող բնական գազի գինը կարող է թանկանալ 69 տոկոսով՝ ներկայիս 177․5 դոլարից հասնելով 300 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց։