AM
22 Հոկտեմբեր 2026 - 15:18 AMT

Վարչապետ․ Սահմանադրության հարցում կփորձենք համոզել ընդդիմությանը, չստացվեց՝ ուրիշ սցենարներով կգնանք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ առաջիկայում կհրապարակվի Սահմանադրության նախագիծը, և կսկսվեն հանրային քննարկումներ, ապա նախագիծը կուղարկվի խորհրդարան և իշխող ուժը կփորձի ընդդիմությանը համոզել, որ սա շատ կարևոր և սկզբունքային հարց է, հայտնում է 1lurer.am-ը:

«Կփորձենք համոզել: Չստացվեց, ուրեմն կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում կարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել: Ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է: Ինձ համար խնդիր է, որ ես ունեմ հանձնառություն ՀՀ քաղաքացիների առաջ՝ և՛ Սահմանադրության փոփոխության, և՛ խաղաղության համաձայնագրի ստորագրման ու վավերացման հարցում:

Ես կարծում եմ, որ եթե Հայաստանի ժողովուրդն իմ այս հանձնառությունն ուզում է տեսնել իրագործված, ուրեմն մենք ժողովրդի հետ միասին պետք է այդ հանձնառությունն իրագործենք: Եթե Հայաստանի ժողովուրդը չի տեսնում այդ հանձնառությունն իրագործելի, մի իքս պահի կարող է պարզվել, որ իմ քաղաքական առաքելությունը սպառված է: Հետևաբար ինձ համար դա չափազանց կարևոր ու սկզբունքային հարց է»,- ասել է նա:

Ըստ Փաշինյանի՝ այս հարցն իր համար քաղաքական առաքելություն է, և նա ակնկալում է, որ Հայաստանի ժողովուրդը կսատարի այդ քաղաքական առաքելությանը:

«Եթե պարզվի, որ Հայաստանի ժողովուրդը չի սատարում այս առաքելությանը, ես իմ քաղաքական միսիան ՀՀ-ում կհամարեմ սպառված»,- նշեց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի դիրքորոշմանը՝ վարչապետն ասել է․

«Բիշքեկում մեր հանդիպման ժամանակ այս թեմայով խոսակցություն է եղել: Ես ասել եմ ադրբեջանական կողմին, որ մեզ համար ընդունելի չէ, որ Ադրբեջանից անընդհատ մեր Սահմանադրության հետ կապված հարցեր են բարձրացվում, որովհետև դա մեր ներքին օրակարգն է:

Ադրբեջանական կողմի դիրքորոշումը հետևյալն է. նրանք ասել են, որ ընդունում են՝ Սահմանադրության հարցը Հայաստանի ներքաղաքական կյանքի հարցն է, ներքին հարց է, և որևէ մեկը Հայաստանի և այլ երկրների ներքին կյանքին միջամտելու իրավունք չունի: Պարզապես նրանք մեզ տեղեկացնում են, իրազեկում են, քանի որ մենք քննարկում ենք խաղաղության համաձայնագրի հետ կապված հարցը, որ իրենք ունեն այդպիսի քաղաքական դիրքորոշում: Ես կարծում եմ՝ այստեղ կարող է թվալ, որ ձևակերպումների տարբերությունը մեծ չէ, բայց իմ կարծիքով և իրականում այն մեծ է, որովհետև Սահմանադրությունը մեր ներքին խնդիրն է:

Այստեղ մենք շարունակաբար անում ենք հետևյալ վերլուծությունը, որ եթե մենք, այսպես թե այնպես, փոխելու ենք Սահմանադրությունը, դա մեր արդեն իսկ նախընտրական ծրագրի և Կառավարության ծրագրի մաս է, ի՞նչն է մեզ խանգարում, որպեսզի մենք հաճելին համատեղենք օգտակարի հետ:

Հիմա, որ Ադրբեջանը նման բան է ասում, մենք ասենք՝ վե՛րջ, մենք մեր օրակարգից հրաժարվում ենք, չենք գնալու այդ ճանապարհով: Ո՛չ, մենք պետք է գնանք այդ ճանապարհով, և պետք է նոր Սահմանադրություն ունենանք, և դրա մասին բազմիցս խոսել ենք: Դա շատ կարևոր և սկզբունքային հարց է»,- ասել է նա:

Սեպտեմբերի 8-ին ՀՀ արդարադատության նախարարությունը հերքել էր նոր Սահմանադրության նախագծի հրապարակման լուրերը: Սահմանադրության վերջին փոփոխությունը կատարվել է 2015-ին, որով ՀՀ–ն անցել է խորհրդարանական կառավարման: 2024–ի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանին նոր սահմանադրություն է պետք։

Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին: