Կառավարության որոշմամբ նախատեսվում է 720 տոննայով ավելացնել Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակը՝ ապահովելով կենսապաշարների օգտագործման և կայուն կառավարման կարգավորումը։
Որոշման հիմնավորման համաձայն՝ 2026 թվականին Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կազմակերպման համար հիմք են հանդիսացել Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի իրականացրած ուսումնասիրությունները։
Հետազոտությունները կատարվել են 2025 թվականին՝ «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման» ծրագրի շրջանակում։ Ստացված գիտական տվյալների հիման վրա կենտրոնն ի սկզբանե առաջարկել է 2026 թվականի համար սիգի արդյունագործական որսի թույլատրելի ծավալը սահմանել 550 տոննա։
Հետագա ուսումնասիրությունների համաձայն՝ 2026 թվականի հուլիսի դրությամբ Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը գնահատվել է 4511 տոննա։
Այս տվյալները հաշվի առնելով՝ գիտական կենտրոնը լրացուցիչ առաջարկել է 720 տոննայով ավելացնել ընթացիկ տարվա արդյունագործական որսի չափաքանակը։ Որոշման արդյունքում 2026 թվականի ամբողջ որսաշրջանի համար Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի ընդհանուր ծավալը կկազմի 1270 տոննա։





