ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ գործով մի արկղ նյութ կա ոչնչի մասին: Նա այդ մասին ասել է Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում:
«Գեղարվեստական ոճի պատմվածքների հավաքածու է կամայական մեկնաբանությամբ։ Խնդիրը դրված չէ դրամական միջոցները որտեղից են, գումարով գնելու հնարավորություն կար, թե չկար։ Գործում չհիմնավորվող ենթադրությունների մակարդակում կառավարության որոշումների գնահատական է տրված։ Ըստ մեղադրանքի կառավարության ինչ–որ որոշումներ չեն համապատասխանում նորմերին, բայց մենք չենք տեսնում, թե ինչու չեն համապատասխանում։ Վերջում ուղղակի ավելացված է նախագահն որոշումները վավերացրել է անձնական շահագրգռվածությամբ»,– ասել է Օրբելյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Նրա խոսքով` 1995 թվականի սահմանադրությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ կառավարության որոշումները վարչապետը ստորագրում էր, նախագահը` վավերացնում։ Այսինքն` նա ի պաշտոնե պարտավոր էր ստորագրել որոշումը։
Օգոստոսի 25-ին իրավապահները խուզարկություններ են իրականացրել Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև նրա որդու՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարաններում։ Այնուհետև տեղեկություններ են հրապարակվել Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի ձերբակալության մասին։
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանի նկատմամբ դատարանը կիրառել է երկամսյա կալանք։ Օգոստոսի 27-ին դատարանը երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել նաև Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ։





