Եվրախորհրդարանը որոշել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրամիության գլխավոր պարգևը՝ Սախարովի անվան մրցանակը, շնորհել Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ), որն ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալման թույլտվություն է տվել:
Հաագայում տեղակայված դատարանը զբաղվում է պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության դեպքերի քննությամբ։
Մրցանակի շնորհման որոշումը կայացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ՄՔԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հայտարարությունից երկու շաբաթ անց, գրում է BBC-ն:
Միջազգային քրեական դատարանին մրցանակ շնորհելու որոշումը կարող է դիտարկվել որպես միջազգային կառույցին աջակցելու քայլ՝ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներից հետո։ Հոկտեմբերի 9-ին Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է ՄՔԴ-ի նկատմամբ նոր սահմանափակումների կիրառման մասին։
ԱՄՆ նախագահը և նրա թիմը դատարանին մեղադրել են ամերիկացի և իսրայելցի քաղաքացիների նկատմամբ, իրենց գնահատմամբ, չհիմնավորված քրեական հետապնդումներ իրականացնելու կամ նման փորձեր կատարելու մեջ։
Վաշինգտոնի դիրքորոշման հիմքում նաև այն հանգամանքն է, որ ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ Իսրայելը չեն ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը։
Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում ԱՄՆ-ն ավելի վաղ անհատական պատժամիջոցներ է սահմանել ՄՔԴ-ի մեկ տասնյակից ավելի դատավորների և դատախազների նկատմամբ։
Այդ սահմանափակումները կապված են եղել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալման հրամանի արձակման, ինչպես նաև Աֆղանստանում ամերիկացի զինծառայողների գործողությունների հետաքննության հետ։ Աֆղանստանի վերաբերյալ գործը հետագայում փակվել է։
Միջազգային քրեական դատարանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո ամերիկյան իշխանությունները հնարավորություն են ստացել պատասխանատվության միջոցներ կիրառելու այն ընկերությունների նկատմամբ, որոնք համագործակցում են դատարանի հետ։
Հոկտեմբերի 9-ին՝ ամերիկյան պատժամիջոցների մասին հայտարարությունից մի քանի ժամ առաջ, հայտնի է դարձել նաև, որ Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացել է ՄՔԴ-ի նախկին դատավոր, Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Նավանեթեմ «Նավի» Փիլայը։ Նրան մրցանակը շնորհվել է պատերազմական հանցագործությունների և ցեղասպանության դեմ պայքարում ունեցած ավանդի համար։
Նոբելյան կոմիտեի այդ որոշումը նույնպես ընկալվել է որպես աջակցություն Միջազգային քրեական դատարանին, որը հայտնվել է բարդ իրավիճակում։
2023 թվականին ՄՔԴ-ի այն ժամանակվա գլխավոր դատախազ Քարիմ Խանը, որն այժմ ազատված է պաշտոնից, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հարցերով լիազոր Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման հրամաններ է արձակել։
Դրանք կապված են եղել Ուկրաինայի՝ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներից երեխաների ապօրինի տեղահանման վերաբերյալ գործի հետ։
Միջազգային քրեական դատարանն այդ գործողությունները դիտարկել է որպես պատերազմական հանցագործություն, մինչդեռ Ռուսաստանը դրանք ներկայացրել է որպես տարհանում։
Ձերբակալման հրամանների արձակումից երեք օր անց՝ մարտի 20-ին, Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՄՔԴ-ի համապատասխան դատավորների նկատմամբ։ Անցյալ տարվա դեկտեմբերին Մոսկվայի քաղաքային դատարանը հեռակա դատավճիռներ է կայացրել Միջազգային քրեական դատարանի դատախազի և դատավորների նկատմամբ։
Նրանք դատապարտվել են 3․5-ից մինչև 15 տարվա ազատազրկման՝ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու մեղադրանքով։
Սախարովի անվան մրցանակը հիմնադրվել է 1988 թվականին և կրում է խորհրդային այլախոհ Անդրեյ Սախարովի անունը։ Այն ամեն տարի շնորհվում է անհատների կամ կազմակերպությունների, որոնք նշանակալի ներդրում են ունեցել մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանության գործում։ Մրցանակի թեկնածուներին առաջադրում են Եվրոպական խորհրդարանի քաղաքական խմբակցությունները, ինչպես նաև առանձին պատգամավորներ։
Դափնեկրին շնորհվում է նաև 50 հազար եվրո դրամական պարգև։
Նախորդ տարի Սախարովի անվան մրցանակի դափնեկիրներ են դարձել բանտարկված լեհ-բելառուս լրագրող Անջեյ Պոչոբուտը և վրացի լրագրող ու խմբագիր Մզիա Ամաղոբելին։ Պոչոբուտն այս տարվա ապրիլին ազատ է արձակվել Բելառուսի և Լեհաստանի միջև բանտարկյալների փոխանակման արդյունքում և փոխանցվել Վարշավային։
Այս տարվա մրցանակի եզրափակիչ թեկնածուների ցանկում ընդգրկված են եղել նաև Տանզանիայի բանտարկված ընդդիմադիր գործիչ Թունդու Լիսուն և Իրանից երկու քույրեր՝ Թարանե և Ռոմինա Ռահիմիները։ Վերջիններից մեկին սպառնում է մահապատիժ, իսկ մյուսին՝ 25 տարվա ազատազրկում։
Միջազգային քրեական դատարանը հիմնադրվել է 2002 թվականին։Դրա հիմնական առաքելությունը պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և ցեղասպանության դեպքերի հետաքննությունն է, ինչպես նաև պատասխանատու անձանց նկատմամբ արդարադատության իրականացումը։ Հաագայում գործող դատարանի իրավազորությունը ճանաչում է 125 պետություն։Դրանց թվում են Եվրամիության բոլոր անդամները և ՆԱՏՕ-ի անդամ պետությունները՝ բացառությամբ Միացյալ Նահանգների և Թուրքիայի։





