AM
23 Հոկտեմբեր 2026 - 10:25 AMT

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է 2 ամսով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու, գործարար Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 2 ամսով։ Նման որոշում է կայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանը՝ Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ։

Սեդրակ Քոչարյանի գործով դատախազի ներկայացրած միջնորդության համաձայն` նա ազատության մեջ կարող է խոչընդոտել գործի քննությունը, հայտնում է Sputnik Արմենիան:

ՀՀ երկրորդ նախագահի որդու գործով մանրամասներ է հայտնել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ նշելով, որ նրան վերագրվող 7 դրվագից 5-ի մասով դատարանը չի հաստատել հիմնավոր կասկածի առկայությունը։

«Նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայություն։ Ներկայում հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որ դատարանի որոշումը հաղթահարված է։ Այսինքն` Սեդրակ Քոչարյանի առնչությունն իրեն մեղսագրվող դրվագներից 7-ից 5-ով դատարանը հերքել էր։ Սա նշանակում է, որ դրանցով պետք է բերվեին ամրապնդվող տվյալներ, բայց չեն բերվել։ Այդ 5-ի մասով վերաքննության կարգով ստուգում է արվել»,– նշել է Կոչուբաևը։

Անդրադառնալով փողերի լվացման վերաբերյալ մեղադրանքի դրվագին՝ պաշտպանը մատնանշել է միջազգային տնտեսական և ներպետական իրավունքի տեսանկյունից առկա իրավական ու համակարգային խնդիրները։ Նրա համոզմամբ՝ փողերի լվացման հանցակազմի առկայությունը հնարավոր չէ առանց դրան նախորդող հանցագործության, որի արդյունքում ձեռք է բերվել համապատասխան գույքը։

«Սկզբում պետք է լինի նախնական պրեդիկատ (նախորդող հանցագործություն) հանցագործություն, որով գույք ձեռք բերվի, որը փողերի լվացման հանցակազմի միջոցով լեգալիզացիայի ենթարկվի։ Այս առումով էլ մենք խնդիր ենք տեսնում։ Միջնորդությունն էլ խոչընդոտի համատեքստում է քննարկվում, ինչը ևս չի կարող պատշաճ հիմնավորում լինել։ Պատճառն այն է, որ վերաբերելի իրադարձությունները եղել են 2001, 2006, 2009 թվականներին և օբյեկտիվորեն խոսել խոչընդոտի հավանականության մասին, մանավանդ, երբ փաստաթղթերն ու գործարքներն են վեճի առարկա դարձվում, իրատեսական չէ»,– ասել Կոչուբաևը։

Սեդրակ Քոչարյանին, մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար։