Փարիզի քաղաքապետարանի բարձրաստիճան ներկայացուցիչները հոկտեմբերի 22-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ոգեկոչելու զոհերի հիշատակը և ծանոթանալու հուշահամալիրի պատմամշակութային նշանակությանը։
Պատվիրակության կազմում էին Փարիզի քաղաքապետի՝ միջազգային և եվրոպական հարաբերությունների, ինչպես նաև ֆրանկոֆոնիայի հարցերով տեղակալ Օդրի Պուլվարը և միջազգային հարաբերությունների գլխավոր պատվիրակի տեղակալ Բենուա Հերցբրունը:
Պատվիրակության անդամներին հուշահամալիրում ընդունել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Վերջինս ֆրանսիացի հյուրերին մանրամասն ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման և կառուցման պատմությունը, անդրադարձել ճարտարապետական լուծումներին, ինչպես նաև բացատրել հուշակոթողի պատմական ու խորհրդանշական նշանակությունը։
Օդրի Պուլվարը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Հյուրերը շրջայց են կատարելԹանգարան–ինստիտուտում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Այցի ավարտին Օդրի Պուլվարը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։





