Երկու նախկին քահանաների հայցերով Արմավիրի մարզի դատարանի որոշումները վերահաստատել են, որ հոգևոր ծառայությունը չի կարող ինքնաբերաբար նույնացվել աշխատանքային հարաբերությունների հետ, իսկ Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից, հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյղբուքյան իր էջում:
Երկու գործերով էլ դատարաններն ընդունել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրավական դիրքորոշումը՝ հոգևորականին կարգալույծ հռչակելու հարաբերությունները կարգավորվում են եկեղեցու ներքին՝ կանոնական իրավունքով և ենթակա չեն քաղաքացիական դատավարության կարգով քննության։
«Երկու որոշումներով էլ դատարանները նախատեսել են նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցների վերացումը, որոնցով պարտավորեցվել էր Մայր Աթոռին ապահովել նախկին քահանաների պաշտոնավարումը։
Այս որոշումները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն կոնկրետ դատական գործերի, այլև Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ինքնավարության և նվիրապետական կառավարման սահմանադրական երաշխիքների պաշտպանության տեսանկյունից։
Պետության և եկեղեցու անջատվածությունը ենթադրում է, որ պետական մարմինները, այդ թվում՝ դատարանները, չեն կարող ստանձնել եկեղեցական իշխանության գործառույթներ կամ աշխարհիկ իրավակարգավորումներով որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը։
Միևնույն ժամանակ, եկեղեցական ներքին հարցերը պետք է լուծվեն եկեղեցու կանոններով և դրանցով նախատեսված ընթացակարգերի պահպանմամբ։
Եկեղեցու ինքնավարության պաշտպանությունը նաև կրոնի ազատության և իրավական պետության սկզբունքների պաշտպանությունն է»,-ասվում է գրառման մեջ:





