AM
23 Հոկտեմբեր 2026 - 18:09 AMT

ՀՀ-ն ու Ադրբեջանը չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ են փոխանակել․ Համընկնումներ չեն գրանցվել

Հայաստանի և Ադրբեջանի միջև 2026 թվականի հունվարին իրականացվել է չնույնականացված ԴՆԹ պրոֆիլների փոխանակում։ ԱԱԾ-ն հայտնել է, որ նախնական համադրությամբ համընկնումներ չեն հայտնաբերվել, տեղեկացնում է Factor.am-ը:

Ավելի վաղ այդ մասին հայտնել էր ադրբեջանական կողմը

Հոկտեմբերի 7-ին անհետ կորած անձանց հարցերով IV միջազգային համաժողովում Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ, ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Նաղիևը հայտարարել էր, որ Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին տրամադրել ԴՆԹ-ի նմուշներ՝ Լեռնային Ղարաբաղում հայտնաբերված աճյունների նույնականացման համար, որոնք ենթադրաբար պատկանում են հայ զինծառայողների։

Նրա խոսքով՝ այդ տարածքներում հայտնաբերված աճյունների փորձաքննության արդյունքում համապատասխանություն չի հայտնաբերվել հայկական կողմից անհետ կորած համարվող 50 անձանց ԴՆԹ պրոֆիլների հետ։ Նաղիևը նշել է, որ այդ ԴՆԹ պրոֆիլները Հայաստանը փոխանցել է 2026 թվականի հունվարին։

ՀՀ ԱԱԾ-ից հայտնել են նաև, որ անհետ կորած անձանց հարազատների ԴՆԹ պրոֆիլներ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել:

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության՝ անհետտ կորած անձանց հարցերով զբաղվող համապատասխան հանձնաժողովների միջև իրականացվում է միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված պարտավորությունների կատարմանն ուղղված համագործակցություն»,- հայտնել են ծառայությունից։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։