AM
31 Հոկտեմբեր 2026 - 12:59 AMT

Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է առաջիկա անելիքները

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 30-ին աշխատանքային հանդիպում է անցկացրել գիտական ինստիտուտների ղեկավարների հետ։ Քննարկումների առանցքում են եղել գիտության համակարգում իրականացվող վերափոխումները, հետազոտական հաստատությունների կառավարման և ֆինանսավորման մեխանիզմները, ինչպես նաև դրանց հետագա գործունեության կազմակերպմանն առնչվող խնդիրները։

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Լիլիթ Մկրտչյանը և կառույցի այլ ներկայացուցիչներ։

Նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակիցներին ներկայացրել է Լիլիթ Մկրտչյանին և համոզմունք հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի ապահովել արդյունավետ փոխգործակցություն։ Նա միաժամանակ ընդգծել է հումանիտար և հասարակական գիտությունների առանձնահատկությունները բազմակողմանիորեն ուսումնասիրելու և համապատասխան մոտեցումներ մշակելու անհրաժեշտությունը։

Գիտական հաստատությունների կառավարման համակարգին անդրադառնալով՝ նախարարը հայտնել է, որ ինստիտուտների կանոնադրություններն արդեն ստացել են անհրաժեշտ հաստատումները։ Հաջորդ կարևոր քայլ է դիտարկվել կառավարման խորհուրդների ձևավորումը։ Հանդիպման ընթացքում քննարկման առարկա են դարձել նաև տնօրենների թափուր պաշտոնների համալրման ընթացակարգերը, խորհուրդներում համապատասխան մասնագետների ներկայացվածության ապահովումը և գիտաշխատողների ատեստավորման հետ կապված հարցերը։

Գիտության ֆինանսավորման վերաբերյալ քննարկումների ընթացքում Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է կառավարության կողմից ընդունված՝ Հայաստանի գիտության ոլորտի զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման հանձնառությունը։ Նախարարը նշել է, որ նախատեսվում է պահպանել արդեն մեկնարկած ծրագրերի շարունակականությունը և կյանքի կոչել նոր նախաձեռնություններ։

Միաժամանակ նա ուշադրություն է հրավիրել պետական ֆինանսական միջոցների նպատակային և արդյունավետ տնօրինման անհրաժեշտության վրա։ Կարևորվել են գիտահետազոտական աշխատանքների արդյունքների գնահատման մեխանիզմների կատարելագործումը, հաշվետվողականության մակարդակի բարձրացումը և գիտական ձեռքբերումների մասին հանրության իրազեկվածության ընդլայնումը։

Այս համատեքստում մասնակիցներն անդրադարձել են նոյեմբերի 10-ին՝ Գիտության համաշխարհային օրվա առիթով հանրային միջոցառումներ անցկացնելու հնարավորություններին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել այդ նախաձեռնություններում դպրոցականների ակտիվ մասնակցությունն ապահովելու հարցին՝ գիտության նկատմամբ նրանց հետաքրքրությունը խթանելու նպատակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև գիտական կազմակերպությունների՝ հաջորդ տարվա համար նախատեսված բազային ֆինանսավորման չափերի հաստատման գործընթացը։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է համապատասխան որոշումների հնարավորինս վաղ ընդունումը, որպեսզի գիտական հաստատությունները կարողանան ժամանակին և արդյունավետորեն ծրագրել իրենց հետագա գործունեությունը։

Քննարկումների մյուս ուղղությունը վերաբերել է բարձրագույն կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագրերի համատեղ իրականացման հնարավորություններին։ Մասնակիցներն անդրադարձել են նաև գիտական կազմակերպությունների կառավարման առանձնահատկություններին, այդ գործընթացներում Գիտությունների ազգային ակադեմիայի մասնակցությանը և ֆինանսավորման հետ կապված հարցերին։

Ամփոփելով հանդիպումը՝ ԿԳՄՍ նախարարը վերահաստատել է գիտական հանրության ներկայացուցիչների հետ հետևողական համագործակցությունը շարունակելու և բարձրաձայնված խնդիրների համար գործնական լուծումներ գտնելու պատրաստակամությունը։