Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քայլ-քայլ երկրի պետական սահմանների ամբողջական վերահսկողությունը նախատեսվում է պատվիրակել սահմանապահ ծառայությանը։ Այդ մասին նա ասել է Ազգային ժողովում:
Նա նշել է, որ կառավարությունը վճռական է այս ճանապարհով գնալու իմաստով, հայտնում է Արմենպրեսը:
«Կարևոր եմ համարում ընդգծել, որ մենք նոյեմբերի 1-ից Հայաստանում գործարկեցինք կենսաչափական անձնագրերի համակարգը, որը շատ էական և մեծ բարեփոխում է։ Մենք այսօր ներդրել ենք կենսաչափական անձնագրերի ժամանակակից բոլոր պահանջներին և պայմաններին համապատասխանող համակարգ, և այս համակարգը շատ էական է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնելու ճանապարհին։ Իհարկե, այս խնդիրը լուծելու համար բավականին բարդ բարեփոխումների կարիք կա, որովհետև, եթե մենք ուզում ենք, որ վիզաներն ազատականացվեն, դա նշանակում է, որ առնվազն որոշ ուղղություններով մենք պետք է համապատասխանենք Եվրամիության ստանդարտներին։ Հենց այս խնդրի լուծման համատեքստում անհրաժեշտ համակարգերը պետք է բարեփոխվեն, և ես ուզում եմ ասել, որ մենք վճռական ենք այս ճանապարհով գնալու իմաստով։ Ի՞նչ է սա ենթադրում, սա ենթադրում է, մասնավորապես, սահմանապահ զորքերի կարգավիճակի որոշակի վերափոխում և այն, որ առնվազն միջնաժամկետում Հայաստանի Հանրապետության բոլոր պետական սահմանները պետք է վերահսկվեն Հայաստանի սահմանապահ համապատասխան ծառայության կողմից»,-ասել է նա:
Վարչապետը հավելել է, որ կառավարության ծրագրում այդ թեմային անդրադարձ կատարել են և սահուն քայլերով գնալու են այս ճանապարհով։
«Գիտեք, որ նախկինում մեր սահմանապահ ծառայությունը նույնիսկ ՀՀ ոչ բոլոր անցման կետերն է վերահսկել,, բայց արդեն մի քանի տարի Հայաստանի սահմանային բոլոր անցման կետերը վերահսկվում են բացառապես Հայաստանի սահմանապահ զորքերի կողմից, և մենք, իհարկե քայլ-քայլ, Հայաստանի Հանրապետության ամբողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը, որը նաև բարեփոխումների որոշակի ճանապարհ պետք է անցնի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Խոսելով կենսաչափական անձնագրերի մասին՝ Փաշինյանն ասել է, որ դրանց հետ կապված ամենատեսանելի և ամենաբարեհունչ նորություններից մեկն այն է, որ կենսաչափական անձնագիր ունեցողներն առաջիկայում ՀՀ սահմանը կարող են հատել էլեկտրոնային անցակետերի (e-gate համակարգ) միջոցով։





