AM
2 Նոյեմբեր 2026 - 15:15 AMT

Փաշինյան․ Կենսաչափական անձնագիր ունեցողները ՀՀ սահմանը կհատեն էլեկտրոնային անցակետերով

Հայաստանում սահմանահատման նոր համակարգ է նախատեսվում ներդնել, որը հնարավորություն կտա կենսաչափական անձնագրերով անցնել սահմանային հսկողությունն առանց սահմանապահի անմիջական մասնակցության։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրանք հնարավորություն կստանան օգտվելու էլեկտրոնային անցակետերից՝ e-gate համակարգից, հայտնում է Արմենպրեսը:

«Ամենատեսանելի և ամենաբարեհունչ նորություններից մեկն այն է, որ կենսաչափական անձնագիր ունեցողներն առաջիկայում ՀՀ սահմանը կարող են հատել էլեկտրոնային անցակետերի (e-gate համակարգ) միջոցով։

Ի՞նչն է դրա առանձնահատկությունը, որ որևէ ծառայողի հետ չի լինում կոնտակտ։ Այդ համակարգն արդեն շատ երկրներում գործում է։ Առաջինը նման հնարավորություն կստեղծվի «Զվարթնոց» օդանավակայանում, իսկ հետո՝ Հայաստանի սահմանային բոլոր անցման կետերում՝ առանց բացառության։ Իհարկե, հետագայում մենք պիտի սկսենք բանակցություններ Հայաստանի քաղաքացիների համար նաև այլ երկրներում այս ծառայությունները հասանելի դարձնելու համար, որովհետև ամեն երկրի կարգավորումներ ունեն իրենց առանձնահատկությունները, և փոխադարձաբար այդ ծառայությունները հասանելի դարձնելու օրակարգ կա։

Ի՞նչն է առանձնահատկությունը, այն է, որ համեմատական բազային ինֆորմացիա պետք է լինի։ Երբ կենսաչափական անձնագիրը դրվում է, համակարգը պետք է ունենա համեմատելու ինչ-որ բան, թե արդյոք այն մարդը հենց այն մարդն է, ինչ անունով ներկայանում է։ Հայաստանի դեպքում, երբ քաղաքացին իր երկրում է դա անում, ոչ մի բարդություն չկա, որովհետև բոլոր համակարգերը փոխգործելի են, և երբ քաղաքացին մոտեցնում է իր անձնագիրը համակարգին, համակարգն արագ բնակչության պետական ռեգիստրից արդեն կենսաչափական համակարգով ստուգում է, թե ինչքանով է տվյալը համապատասխանում իրականությանը։

Օտար երկրներում նման ծառայություններից օգտվելու համար մենք պետք է երկրների հետ ինֆորմացիայի փոխանակման որոշակի համակարգ ունենանք, և դա արդեն երկկողմ պայմանավորվածությունների խնդիր է»,- ասել է ՀՀ վարչապետը։

Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում ներդրվել են նոր կենսաչափական անձնագրեր: