AM
2 Նոյեմբեր 2026 - 18:38 AMT

ՊԵԿ նախագահ. TRIPP-ում միջազգային օպերատորի ներգրավումը նաև վստահության հարց կլուծի

TRIPP- ի շրջանակում մաքսային գործառույթներն ամբողջությամբ պետական սուվերենության տիրույթում են, հայտարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ անդրադառնալով մաքսային գործընթացներում օպերատորի ներգրավմանը։

Նա նշել է, որ միջազգային օպերատորի՝ front office-ի, ներգրավումը նաև վստահության հարց կլուծի, հայտնում է Sputnik Արմենիան:

«Դրա անհրաժեշտությունը ոչ ծանրակշիռ, բայց ինչ-որ չափով կա»,– ասել է նա։

ՊԵԿ նախագահը հավելել է, որ օպերատորի՝ ֆրոնտ օֆիսի գործառույթների հստակ շրջանակը դեռ քննարկման փուլում է և կամրագրվի համապատասխան պայմանագրով ու փաստաթղթով։

«Եթե բեռների մաքսային ձևակերպման ընթացքում ռիսկեր հայտնաբերվեն և զննման անհրաժեշտություն առաջանա, համապատասխան որոշումը կկայացնի բացառապես մաքսային ծառայության աշխատակիցը։ Մաքսային աշխատողն է այդ որոշում կայացնողը, և չի կարող ֆրոնտ օֆիսը այդպիսի որոշում կայացնել։ ՀՀ–ն պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթները։ Այսինքն՝ նշանակում է՝ ռիսկերը մենք ենք վերլուծելու, զննումները մենք ենք անելու»,– հայտարարել է նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք նմանատիպ վստահության մեխանիզմ նախատեսվում է նաև Ադրբեջանի տարածքով Հայաստանի քաղաքացիների անցուդարձի համար, Հակոբյանը պատասխանել է, որ ադրբեջանական կողմի մաքսային աշխատանքի կազմակերպման մոդելից տեղյակ չէ։

ՊԵԿ նախագահը հավելել է, որ Հայաստանում մաքսային ծառայության թվայնացումը շարունակվում է՝ անկախ TRIPP-ի գործարկումից։

Մշակվում է նոր թվային հարթակ, որը պետք է ինտեգրվի e-Gate համակարգին՝ նվազագույնի հասցնելով քաղաքացիների և մաքսային ծառայողների անմիջական շփումը։

Հոկտեմբերի 28-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է ՀՀ և ԱՄՆ միջև TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։