AM
5 Նոյեմբեր 2026 - 10:43 AMT

Փաստաբան․ «Ուժեղ Հայաստանի» գլխամասային գրասենյակում խուզարկությունը հակաօրինական էր

«Ուժեղ Հայաստան» կուսակցության փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը հայտարարել է, որ կուսակցության կենտրոնական գրասենյակում իրականացված «խուզարկությունը հակաօրինական էր»: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Նա նշել է, որ քաղաքական կուսակցության նկատմամբ նման «ապօրինի գործողությունների իրականացումն անթույլատրելի է, դատապարտելի և հանդիսանում է քաղաքական ճնշման ակնհայտ փորձ»:

Կուսակցության գլխամասային գրասենյակում իրականացվող խուզարկությանը մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները։

«Ելնելով նախաքննական գաղտնիքի պահպանման պահանջից՝ այս պահին շատ հանգամանքներ բացահայտման ենթակա չեն, սակայն կարող եմ հստակ արձանագրել, որ իրավապահ մարմինների ներկայացրած դատարանի որոշումները և տեղում իրականացված խուզարկությունը մեկը մյուսին բացահայտ հակասող էին և հակաօրինական:

«Քաղաքական կուսակցության նկատմամբ նման ապօրինի գործողությունների իրականացումն անթույլատրելի է, դատապարտելի և հանդիսանում է քաղաքական ճնշման ակնհայտ փորձ։ Այս ապօրինությունների առթիվ ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ իրավական գործընթացները:

Դատարանի որոշմամբ հստակեցված հանգամանքները որևէ աղերս չունեին այն գործընթացի հետ, որն իրականում իրականացվեց։ Իրավապահները, դուրս գալով իրենց տրված լիազորություններից, խուզարկություն իրականացրեցին «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակում, որը որևէ առնչություն չուներ ներկայացված որոշումների հետ։

Քաղաքական կուսակցության նկատմամբ նման ապօրինի գործողությունների իրականացումն անթույլատրելի է, դատապարտելի և հանդիսանում է քաղաքական ճնշման ակնհայտ փորձ։ Այս ապօրինությունների առթիվ ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ իրավական գործընթացները»,–ասվում է գրառման մեջ:

Նոյեմբերի 4-ի վաղ առավոտյան, ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություններ են սկսել ինչպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի, այնպես էլ խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն է հրապարակել՝ տեղեկացնելով, որ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության վարույթում գտնվող քրեական գործով միաժամանակյա խուզարկություններ են իրականացվում ընդհանուր առմամբ 65 հասցեներում։

Սամվել Կարապետյանի բնակարանում խուզարկությունը տևել է մոտ յոթ ժամ, որից հետո Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները նրան տեղափոխել են Քննչական կոմիտե։ Նա 1 ամսով կալանավորվել է: