AM
5 Նոյեմբեր 2026 - 11:20 AMT

Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային նշանակության ներդրման համար սահմանված պետական մրցանակը հանձնել է X-energy, Intuitive Machines, Axiom Space և Quantum Space ընկերությունների համահիմնադիր և գործադիր նախագահ Քեմ Ղաֆֆարիանին։ Այս մասին հաղորդել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Պարգևատրման պաշտոնական արարողության ընթացքում ունեցած ելույթում Փաշինյանն ասել է, որ այս մրցանակով գնահատում ենք ոչ միայն տեխնոլոգիական ձեռքբերումները, այլև այն մարդկանց, որոնց գաղափարները, համարձակությունը և հետևողական աշխատանքը փոխում են մարդկության պատկերացումները հնարավորի սահմանների մասին։

«Պարոն Ղաֆֆարիան, Ձեր անցած ճանապարհը դրա լավագույն օրինակներից է։ 1969 թվականին Դուք, դեռևս որպես երեխա, հետևել եք մարդու առաջին քայլերին Լուսնի վրա։ Այդ իրադարձությունը ոգեշնչել է Ձեզ ընտրելու գիտության և տիեզերական տեխնոլոգիաների ճանապարհը։

Ավելի քան հինգ տասնամյակ անց՝ 2024 թվականին, Ձեր համահիմնադրած «Intuitive Machines» ընկերության «Odysseus» տիեզերական սարքը վայրէջք կատարեց Լուսնի վրա՝ դառնալով վերջին 52 տարվա ընթացքում այնտեղ վայրէջք կատարած առաջին ամերիկյան տիեզերական սարքը։ Սա շատ տպավորիչ պատմություն է այն մասին, թե ինչպես կարող է մանկության երազանքը վերածվել համաշխարհային նշանակության գիտատեխնոլոգիական նվաճման։

Ձեր համահիմնադրած «Axiom Space» ընկերությունն իրականացրել է առաջին ամբողջությամբ մասնավոր անձնակազմով առաքելությունը Միջազգային տիեզերական կայան և այսօր աշխատում է ապագայի առևտրային տիեզերական կայանի ստեղծման ուղղությամբ»,-ասել է նա՝ հավելելով, որ սա կարևոր ուղերձ է նաև Հայաստանի համար։

Նա նշել է, որ ՀՀ-ն փոքր երկիր է, բայց գիտության, տեխնոլոգիաների և մարդկային հնարավորությունները չեն սահմանափակվում երկրի աշխարհագրական չափերով։

«Հայաստանն ունի գիտական և ինժեներական հարուստ ավանդույթներ։ Այսօր մենք նպատակ ունենք այդ ներուժը վերածելու ժամանակակից տնտեսության զարգացման, բարձր արտադրողականության և միջազգային մրցունակության կարևորագույն գործոնի։ Մենք զարգացնում ենք արհեստական բանականության, առաջադեմ հաշվողական տեխնոլոգիաների, տիեզերական գործունեության և նորարարական ձեռներեցության ուղղությունները։

Հայաստանն արդեն ունի տիեզերքում սեփական արբանյակներ ունենալու փորձ՝ ArmSat1-ը, և այդ թվում՝ հայ մասնագետների նախագծած և ստեղծած «HAYASAT-1» արբանյակը։ Սակայն մեր նպատակը միայն ուրիշների ստեղծած տեխնոլոգիաներից օգտվելը չէ։

Մենք ցանկանում ենք, որ հայկական համալսարանները, գիտնականները, ինժեներները և ընկերությունները դառնան համաշխարհային տեխնոլոգիական արժեք ստեղծողներ, արժեք ստեղծող համակարգերի մաս և մասնակից։ Եվ այստեղ կարևոր է միջազգային համագործակցությունը։

Հարգելի պարոն Ղաֆֆարիան, Մենք կցանկանայինք ուսումնասիրել Ձեր ընկերությունների և հայկական գիտակրթական ու տեխնոլոգիական կազմակերպությունների միջև համագործակցության հնարավորությունը, ինչի մասին արդեն առիթ ունեցանք խոսել և նույնիսկ մի թեթև պայմանավորվել»,-ասել է վարչապետը:

Նա հավելել է, որ մրցանակն ունի ևս մեկ կարևոր առաքելություն՝ այն հնարավորություն է տալիս Հայաստանի երիտասարդ սերնդին հանդիպել մարդկանց, որոնք ոչ միայն խոսել են ապագայի մասին, այլև իրենց աշխատանքով ստեղծել են այդ ապագայի մի մասը։

Պետական պարգևը ստանալուց հետո Քեմ Ղաֆֆարիանը երախտագիտություն է հայտնել իր մասնագիտական գործունեության բարձր գնահատականի և ՀՀ պետական մրցանակին արժանանալու կապակցությամբ։

«Ինձ համար իսկապես մեծ պատիվ է։ Մեկ բանի համար եմ միայն ափսոսում, որ ավելի վաղ չեմ այցելել Հայաստան։ Թույլ տվեք ասել՝ սիրում եմ Հայաստանը և ես կրկին գալու եմ, վերադառնալու եմ:

Ես շատ երախտապարտ եմ այս պատվի համար։ Պարոն վարչապետ, բոլորիդ խոստացել եմ, որ կվերադառնամ Հայաստան, խոստանում եմ։ Լիահույս եմ, որ կստեղծեմ իսկապես համագործակցություններ տեխնոլոգիական ընկերությունների և այլ ոլորտների հետ»,-ասել է նա:

Քեմ Ղաֆֆարիանը հայտնի ձեռնարկատեր է տիեզերական տեխնոլոգիաների և էներգետիկայի բնագավառներում։ Նրա հիմնադրած և համահիմնադրած ընկերությունների գործունեությունն ուղղված է մարդկային քաղաքակրթության հետագա առաջընթացին, նորարարական տեխնոլոգիաների մշակմանը և գիտական հնարավորությունների ընդլայնմանը։

Ձեռնարկատիրական գործունեության սկիզբը դրվել է 1994 թվականին, երբ Քեմ Ղաֆֆարիանը հիմնադրել է Stinger Ghaffarian Technologies, Inc. (SGT) ընկերությունը։ Այն մասնագիտացել է պետական հատվածին տեխնոլոգիական և ինժեներական ծառայությունների մատուցման գործում՝ հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության, գիտական կիրառությունների և տարբեր առաքելությունների գործառնական ապահովման ուղղությունների վրա։

Ժամանակի ընթացքում SGT-ն դարձել է NASA-ի համար ճարտարագիտական ծառայություններ իրականացնող երկրորդ խոշորագույն կապալառուներից մեկը։

Ընկերությունը մասնակցել է Միջազգային տիեզերական կայանի (ISS) գործունեության տեխնիկական ապահովմանը, ինչպես նաև աջակցություն ցուցաբերել տիեզերագնացների պատրաստման և վերապատրաստման գործընթացներին։

SGT-ի տարեկան եկամուտը գերազանցել է կես միլիարդ ԱՄՆ դոլարը։ Հետագայում ընկերությունը ձեռք է բերվել KBR-ի կողմից։

Մինչ սեփական ձեռնարկատիրական նախաձեռնությունների իրականացումը Քեմ Ղաֆֆարիանը տարբեր տեխնիկական և ղեկավար պաշտոններ է զբաղեցրել խոշոր ընկերություններում, այդ թվում՝ Lockheed Martin-ում, Ford Aerospace-ում և Loral-ում։

Ներկայում դոկտոր Քեմ Ղաֆֆարիանը զբաղեցնում է X-energy ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։

Ղաֆֆարիանը միաժամանակ մի շարք խոշոր տեխնոլոգիական կազմակերպությունների համահիմնադիր և ղեկավար է։

Դրանց թվում է Intuitive Machines, LLC ընկերությունը (NASDAQ: LUNR), որը NASA-ի Commercial Lunar Payload Services ծրագրի շրջանակում գիտական և տեխնոլոգիական լուծումների մատակարարման առաջատար մասնակիցներից է։ Ընկերությունում նրա գործունեությունը սկսվել է 2012 թվականի դեկտեմբերից։

2016 թվականի օգոստոսից նա ներգրավված է Axiom Space, Inc. ընկերության գործունեության մեջ՝ որպես համահիմնադիր և նախագահ։ Այս կազմակերպությունը մասնագիտացած է մասնավոր տիեզերական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։