ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը պարզաբանել է, որ «ՀայՓասի» գրասենյակները նախատեսված են բացառապես նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման համար։ Քաղաքացիները կարող են այդ գրասենյակներ դիմել միայն նշված փաստաթղթերը ստանալու նպատակով։
Նա նաև տեղեկացրել է, որ մարզի բնակիչը կարող է հերթագրվել և, անկախ հաշվառման վայրից, նոր կենսչափական անձնագիրը ստանալ Երևանում՝ «ՀայՓասի» գրասենյակից:
Անդրադառնալով մյուս ծառայությունների մատուցման կարգին՝ ՆԳՆ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ դրանց համար քաղաքացիները պետք է շարունակեն դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համապատասխան գրասենյակներ։
«Մյուս ծառայությունների համար նախկինի նման պետք է դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակներ, որոնք արդեն գործում են ոչ թե անձնագրային ծառայություններ, այլ որպես Միգրացիայի և քաղաքացիության ծառայության մասնաճյուղեր»,-ասել է նա:
Կենսաչափական փաստաթղթերի տրամադրման նոր համակարգի ներդրման շրջանակում Գյումրիում պաշտոնապես բացվել է «ՀայՓաս» ընկերության գրասենյակը, որն արդեն սպասարկել է իր առաջին այցելուներին։ Միաժամանակ հանրապետության մարզերում գործարկվել են ընկերության ևս 11 սպասարկման կենտրոններ:
Ընկերության առաջին գրասենյակի բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին՝ մայրաքաղաքի «Երևան մոլ» առևտրի կենտրոնում: Այն նախատեսված է նոր կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ծառայությունների կազմակերպման համար։





